Ըստ EcoNews կայքի՝ Բնապահպան պաշտոնյաները Սյունիքում վարազի ապօրինի որս են արել:
Որսին մասնակցել են Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) Արարատի տարածքային բաժնի պետ Արմեն Բավոյանը, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը, ինչպես նաեւ «Մաքս ֆիշ» ՍՊԸ ղեկավարը։
ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի պետ Արտակ Սահակյանը հաստատել է տեղեկությունը:
«Մեր տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում կասկած է եղել, որ տվյալ մեքենան մարզում է ապօրինի որս կատարելու նպատակով։ Դիմել ենք ոստիկանություն, որ նշված համարանիշներով մեքենան կասկածվում է ապօրինի որսի մեջ։ Մեքենան կանգնեցրել եւ խուզարկել են Սիսիանի բաժնում, եւ պարզվել է, որ մեքենայում առկա է 26.5 կգ փաթեթավորված սառեցված միս։ Մեքենայում գտնվող մարդկանց մոտ եղել են իրենց անվանը կցված որսորդական հրազեն եւ փամփուշտներ։ Տեղում զննության արդյունքում պարզ է դարձել, որ առգրավվածը վայրի խոզի միս է՝ սառեցված վիճակում»,– մանրամասնել է Սահակյանը։
Նա նշել է, որ այժմ վնասի հաշվարկի հետ կապված որոշակի դժվարություններ կան, քանի որ դրա համար պետք է հստակ իմանալ տեղադիրքը, սակայն այդ տեղեկատվությունը դեռ թերի է։ Հավանական է նաեւ, որ որսն իրականացվել է բնության հատուկ պահպանվող տարածքում, ինչն ավելի խիստ պատիժ է ենթադրում։
Սահակյանն ընդգծել է, որ կասկածյալները բռնվել են փետրվարի 22-ին, որսն արվել է 20-ին կամ 21-ին: ՀՀ–ում սիրողական որսաշրջանն ավարտվել է փետրվարի 15–ին:
«Համենայնդեպս ես անձամբ փետրվարի 20-ին նրանց նկատել եմ մարզում, ինչն ինձ մոտ կասկած է առաջացրել, քանի որ նրանք եղել են հատուկ արտահագուստով, զենքերով։ Մեքենայում եղել են 4 հոգով, որոնցից մեկը հաստատ Արարատի տարածքային բաժնի պետն էր»,- հավելել է Արտակ Սահակյանը։
Շրջակա միջավայրի նախարարությունից հերքել են տեղեկությունը, թե մեքենայում եղել է նաեւ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության գծով փոխտնօրեն Արտակ Մխիթարյանը։
Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի ստորագրած՝ ՀՀ տարածքում որսի կենդանիների համար նախատեսվող 2020-21 թվականների օգտագործման թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները սահմանելու մասին հրամանով վայրի խոզի՝ վարազի որս չի թույլատրվում։ Այս կենդանատեսակի որսը թույլատրված չէ արդեն երկար տարիներ։