ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) Պաշտոնական զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ-ին է տրամադրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին ուղղված մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը՝ 116 ինֆուզիոն պոմպ եւ 5 էլեկտրասրտագիր։
Սարքերը բաշխվելու են Հայաստանում գործող կորոնավիրուսային հիվանդության բուժում իրականացնող բժշկական կենտրոններին։
Ավելի վաղ Կորեայի միջազգային համագործակցության գործակալությունը Հայաստանին է տրամադրել 5 ուլտրաձայնային ախտորոշման սարք, որոնք տրամադրվել են մարզային հինգ հիվանդանոցի։
Նախորդ տարվա աշնանն էլ, կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքի ընթացքում, Կորեայից Հայաստան է հասել մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ COVID-19-ի ախտորոշման 35000 ՊՇՌ թեստ։
Կորեայի Հանրապետության կառավարությունը առաջիկայում Հայաստանի առողջապահական համակարգին կրկին մարդասիրական օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել։