Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտարարել է Օնիկ Գասպարյանին Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին:
Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի հարցով։
Հիշեցնենք, փետրվարի 25-ի առավոտյան հրապարակվեց Զինված ուժերի անունից գլխավոր շտաբի հայտարարությունը՝ վարչապետի եւ Կառավարության հրաժարականի պահանջով։ Վարչապետն այդ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց եւ ԳՇ պետի պաշտոնանկության առաջարկությամբ դիմեց նախագահին։
Փետրվարի 27-ին վարչապետի աշխատակազմը ստացավ վերոնշյալ նախագծի վերաբերյալ ՀՀ նախագահի առարկությունները, որոնք վարչապետի կողմից չընդունվեցին, ինչի մասին փետրվարի 28-ին համապատասխան հիմնավորումներով գրություն ուղարկվեց ՀՀ նախագահին:
Մարտի 2-ին ՀՀ նախագահը հայտարարեց, որ որոշել է չստորագրել հրամանագիրը եւ առանձին դիմումով դիմելու է ՍԴ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։
Նախագահի աշխատակազմի հայտարարությունում մասնավորապես ասված է․
«Սահմանադրական դատարանը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հնարավորություն ունի՝ համակողմանիորեն եւ համակարգային առումով փոխկապակցված քննություն իրականացնել եւ որոշում կայացնել:
Ներկայացված դիմումով Սահմանադրական դատարանի որոշումները եւ ձեռնարկվող հնարավոր միջոցները կարող են լրջագույն ազդեցություն ունենալ մինչեւ այժմ ընդունված որոշումների, ստեղծված իրավիճակին առնչվող ներկայիս եւ հետագա գործընթացների վրա՝ վերը նշված օրենքի մեկնաբանման եւ կիրառման համատեքստում»:
Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վարչապետի հայտարարությունը որակել է որպես հակասահմանադրական եւ որոշել է դիմել վարչական դատարան: