ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը լրագրողների հետ ճեպազրույցում անհիմն է համարել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի՝ Ադրբեջանի եւ Միացյալ Թագավորության օգտին լրտեսությամբ զբաղվելու մասին մեղադրանքները:
Խոսնակն ընդգծել է, որ Մարիան Քլարկ-Հաթինգը բարձր որակավորում ունեցող, փորձառու մասնագետ է, որը նախկինում աշխատել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կենտրոնակայանում, կազմակերպության ներկայացուցիչն է եղել Մալազիայում, այլ պաշտոններ է զբաղեցրել Սոմալիում, Գվիենայում, Բենինում եւ Մադագասկարում:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ը եւ Հայաստանի կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ եւ այլ նշանակում կստանա»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը:
Դյուժարիկը նշել է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 1993-ից աշխատել է Հայաստանի երեխաների համար եւ սերտ ու արդյունավետ համագործակցության մեջ է եղել կառավարության հետ: