ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին:
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը: 2020 թվականի հուլիսի 16-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ 2020 թվականի նոյեմբերի 11-ին ազատվել է այդ պաշտոնից: Դավթյանը 2021 թվականի մարտի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել էր հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Մարտի 10-ին ԶՈՒ Գլխավոր շտաբի պաշտոնաթող պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, թե դիմելու է վարչական դատարան եւ ասել, որ իր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ «Պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական է, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես հանրապետության վարչապետի հրաժարականի եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում»։
Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմը՝ նշելով, որ միանում է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի ուղերձին ու հաստատում հանրապետությունում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։
Բարձրաստիճան զինվորականները համարում են, որ իրավիճակի հանգուցալուծումը ՀՀ վարչապետի հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումն է, որը պահանջել է Օնիկ Գասպարյանն իր ուղերձում։