Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆին:
Կիրակոսյանը դեպանին տեղեկացրել է պատերազմի ընթացքում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին:
Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ պատերազմից ի վեր Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության համար ՄԻԵԴ են ներկայացվել միջանկյալ միջոց կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք Եվրոպական դատարանը բավարարել է:
Զրուցակիցները կարեւորել են այդ անձանց հայրենիք վերադարձնելուն ուղղված քայլերը, այդ ուղղությամբ իրականացվող ամենօրյա աշխատանքը, ինչպես նաեւ ԵԽ նախարարների կոմիտեի կողմից գերեվարված անձանց հարցի մասին քննարկումները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի արձանագրած արդյունքներին ու հետագա անելիքներին:
Գերմանիայի դեսպանն առաջարկել է իր աջակցությունն այդ գործընթացին: