2020 թվականի նոյեմբերի 11-ին Գորիս-Բերձոր-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանն արդեն տանն է՝ Բեյրութում: Տեղեկությունը «Ալիք մեդիա»-ն ստացավ Մարալի՝ Լիբանանում բնակվող քրոջից՝ Լինա Նաջարյանից, որ հարազատների հետ ուղիղ չորս ամիս է՝ սպասում էր Ադրբեջանում գտնվող Մարալի ազատ արձակվելուն:
Ընտանիքը Լիբանանի արտաքին գործերի նախարարության, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լիբանանի գրասենյակի եւ Լիբանանի ՀՅԴ կառույցի միջոցով բազում նամակներ եւ դիմումներ էր հղել թե՛ Ադրբեջանին, թե՛ միջազգային կառույցներին: Մարալ Նաջարյանի հարցով միջազգային կառույցներին դիմել էին նաեւ Հայաստանի Հանրապետությունից:
Ադրբեջանը 2020-ի դեկտեմբերին պատասխանել էր ՄԻԵԴ-ի դիմումին՝ տեղեկացնելով, որ Մարալ Նաջարյանը Բաքվում է: Փետրվարին ընտանիքը Կարմիր խաչի միջոցով նամակ էր ստացել Մարալից. նա գրել էր, թե լավ է:
ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը տեղեկացնում է, որ Լիբանանի արտաքին գործերի նախարարության հետ Մարալի ազատ արձակվելու հարցով զբաղվել է նաեւ Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին: Կոնկրետ ո՞ր կառույցի դիմումին է ընթացք տվել Ադրբեջանը՝ ազատ արձակելով լիբանանահայ կնոջը, Մարալի հարազատները դժվարացան պատասխանել. «Հավանաբար բոլոր դիմումներն էլ դեր են ունեցել, քանի որ դրանք շատ էին, բազմազան ու հաճախ էին թարմացվում»,– ասաց ընտանիքի անդամներից մեկը՝ հիշեցնելով, որ Մարալին ազատ արձակելու համար համացանցում նաեւ բազում ստորագրահավաքներ են եղել:
Մարալ Նաջարյանը Ադրբեջանում պահվող հարյուրավոր հայ գերիներից մեկն է: Ըստ գերիների հարցով զբաղվող հայ փաստաբանների՝ Ադրբեջանում այլ հայ կանայք էլ են պահվում, որոնք գերեվարվել են թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո: Համաձայնագրի ստորագրումից հետո գերեվարվածներից է Արցախի Գիշի գյուղի բնակիչ Էլզա Սահակյանը, որն իր ամուսնու հետ պատերազմի ավարտից հետո Երեւանից մեկնում էր հայրենի գյուղ:
Նրանց տանող տաքսու վարորդը գերիների մի խմբի հետ վերադարձվել է, բայց գիշեցի տարեց ամուսիններից մինչեւ հիմա ոչ մի լուր չկա:
Պատերազմի ավարտից հետո գերեվարվածներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի վերջին արված մի հայտարարությամբ անվանել էր «ահաբեկիչներ եւ դիվերսանտներ»՝ նշելով, թե Բաքուն վերադարձրել է հայ քաղաքացիներին, որոնք գերեվարվել էին Լեռնային Ղարաբաղում աշնանը տեղի ունեցած պատերազմի ընթացքում, իրենց մոտ պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։
Գերիների հարցով զբաղվող հայ փաստաբանները հաստատված բազում տեղեկություններ ունեն, որ այսօր Ադրբեջանում ապօրինաբար պահվում են ոչ միայն պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված 62 շիրակցի պահեստազորայինները, այլեւ պատերազմի ընթացքում գերի ընկած հարյուրավոր զինվորներ եւ քաղաքացիներ:
Պատերազմից հետո գերեվարվածների մեջ է նաեւ Լիբանանի մեկ այլ քաղաքացի՝ Մարալ Նաջարյանին ուղեկցած Վիգեն Ուլջեքջյանը. նրանք Բերձոր էին մեկնում՝ իրենց իրերը Երեւան տեղափոխելու: Վիգեն Ուլջեքջյանին Ադրբեջանը որպես վարձկան ահաբեկիչ է ներկայացրել եւ քրեական մեղադրանքներ առաջադրել: «Ալիք մեդիա»-ի տեղեկություններով Մարալի ազատ արձակվելու գործով զբաղված լիբանանյան կառույցները զբաղվում են նաեւ Վիգեն Ուլջեքջյանի գործով, բայց նրան առաջադրված քրեական մեղադրանքները փակուղու առջեւ են դնում բոլոր դիմումները:
Նշենք, որ Մարալ Նաջարյանին Բաքվից Բեյրութ են վերադարձրել Ստամբուլով:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։