Ըստ իսրայելական Times of Israel-ի՝ ԱՄԷ-ում՝ Աբու Դաբի մայրաքաղաքից արեւմուտք ընկած՝ Պարսից Ծոցի ափին գործող Բարաքահ ԱԷԿ-ում, 170 երկրի մասնակցությամբ տեղի կունենան ՄԱԳԱՏԷ-ի կազմակերպած միջուկային ճգնաժամի ամենաբարդ՝ 36-ժամանոց՝ «ConvEx-3» կոչվող զորավարժանքները:
ՄԱԳԱՏԷ-ում ԱՄԷ-ի մշտական ներկայացուցիչ Համադ Ալ Քաաբին նշել է, որ 3-5 տարին մեկ անգամ անցկացվող զորավարժանքները նախատեսված են միջուկային վթարային լուրջ միջադեպերի ժամանակ միջազգային արձագանքի եւ հնարավորությունների ստուգման եւ ի հայտ եկած թերությունների շտկման համար:
Արաբական Միացյալ Էմիրությունները չորրորդ խոշորագույն երկիրն է Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) կազմում, այդուհանդերձ երկիրը վերականգնվող էներգիայի մշակման նպատակով միլիարդավոր դոլարներ է ծախսում, որպեսզի մինչեւ 2050-ը այդ էներգիայով կարողանա բավարարել իր պահանջմունքների կեսը: