Հայաստանում բուժաշխատողների շրջանում մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը, որն արվում է Ռուսաստանի նվիրած Sputnik V պատվաստանյութով: Պատվաստումն իրականացվում է երկու դեղաչափով:
ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը հավաստիացրել է, որ պատվաստումների արդյունքում բարդություններ չկան, պատվաստանյութը կողմնակի ազդեցություն չի ունեցել:
Աբովյանը նշել է, որ Առողջապահության նախարարի հրամանով հաստատված են պատվաստվելու ենթակա առաջնահերթ ռիսկի խմբերը:
Պատվաստումները լինելու են կամավորության սկզբունքով: Նախ եւ առաջ կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները եւ աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65-ն անց մարդիկ, 16-64 տարեկան քրոնիկ հիվանդները: