«Իսկանդերի» հետ կապված սկանդալին, դրան հաջորդած պաշտոնանկությանը, ապա եւ՝ Փաշինյանին սխալ զեկուցելու մասին բացատրություններին պիտի որ հաջորդեր Փաշինյանի ներողությունը եւ Տիրան Խաչատրյանին իր պաշտոնին վերականգնելը։
Տրամաբանությունը դա է հուշում. եթե ընդունում եք, որ «սխալ են զեկուցել», նշանակում է՝ ընդունում եք, որ սխալ կամ անհեթեթ բան եք ասել։ Եթե սա ընդունում եք, ուրեմն պիտի ընդունեք, որ Տիրան Խաչատրյանն էլ միանգամայն հիմնավոր է քրքջացել այդ անհեթեթության վրա, հետեւաբար՝ նրան ազատելը ձեզ զեկուցված սխալի անուղղակի հետեւանքն է։ Նորմալ ղեկավարը կպատժեր իրեն սխալ զեկուցողին, ներողություն կխնդրեր եւ իր պաշտոնում կվերականգներ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին։
Վերջին պարբերությունում ստուգիչ արտահայտությունը «նորմալ ղեկավար»-ն է։ Իսկ թե ինչ է կատարվում Հայաստանում Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում կադրային քաղաքականության ոլորտում, բոլորիս աչքի առաջ է (կարծես), բայց եւ գաղտնիության մշուշով է պատված։
Ժողովուրդը, որի անունից անընդհատ խոսում եւ որի իբր ներկայացուցիչը լինելն է անընդհատ շեշտում Փաշինյանը, տեղյակ չի լինում, թե ինչու է այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան ազատվում, հետո նշանակվում, հետո նորից ազատվում եւ այլն։ Որովհետեւ ամեն ինչ կատարվում է հախուռն՝ Փաշինյանի հերթական, մեղմ ասեմ, մտասեւեռված բռնկման պահին ընդունված միանձնյա որոշմամբ. «Ո՞նց թե դու ծիծաղես իմ ասածի վրա… Դե, ծիծաղը դու հիմի տես»։
Այդ ծիծաղի պատճառով Փաշինյանն իրար խառնեց ոչ միայն Գլխավոր շտաբը, բանակի բարձրաստիճան սպայակազմն ու բանակն ընդհանրապես, այլեւ ողջ երկիրը, բայց էդպես էլ չընդունեց իր սխալը՝ բավարարվելով «սխալ են զեկուցել» ոչինչ չասող արտահայտությամբ՝ իր սխալվելն անգամ ըստ սովորության «անսխալական» համարելով։
Փոխարենը, ինչպես կարելի է ենթադրել ՌԴ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, երեւի հազար տակ խոնարհվելով ներողություն է խնդրել թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչից՝ ռուսական զենքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։
Իսկ մեր բանակի գեներալի նկատմամբ վերաբերմունքը անհարգալից չէ՞ր…
Եվ ես զարմանում եմ, որ այս ամենի ֆոնին ու այս ամենից հետո դեռ լինում են մարդիկ, որոնք ընդունում են Փաշինյանի առաջարկն ու պաշտոն ստանձնում։
Խոսքս ընտրովի պաշտոնների մասին չէ, ինչպես, օրինակ, Հանրային հեռարձակողի խորհրդի անդամը, որն ընտրվում է մրցույթով եւ Փաշինյանի նշանակումը միայն ձեւական է։ Ընդ որում, այդ անդամներին ինքը անգամ չի կարող ազատել, եթե նույնիսկ քրքջան իր հերթական անհեթեթության վրա։ Խոսքս նաեւ կառավարման համակարգի միջին եւ ստորին օղակներին չի վերաբերում. այստեղ աշխատող մարդկանց էլ նրա ձեռքը չի հասնում (թեպետ դեռ հիշում ենք դրոշի համար մաքսային տեսուչին ազատելու դրվագը) եւ նրանք, մեծավ մասամբ, իրենց գործն անող մասնագետներ են։
Խոսքս այն պաշտոնյաններին է վերաբերում, որոնց ինքը նշանակում է անձամբ կամ իր միջնորդությամբ նշանակում է Նախագահը։
Ի՞նչ տրամաբանությամբ կամ հույսով կարելի է նման առաջարկն ընդունել՝ իմանալով, որ ցանկացած պահի քո մի «սխալ» արտահայտության կամ անգամ «թարս հայացքի» համար վարչապետի աթոռին սոսնձված մարդը կարող է, մեղմ ասած, բորբոքվել եւ եթե միանգամից էլ չազատի աշխատանքից, ապա բարոյական նվաստացման կենթարկի առնվազն մի քանի մարդու ներկայությամբ։ Ի՞նչ է արժենում նման նվաստացումը. բարձր աշխատավա՞րձ, պարգեւավճարնե՞ր, գործուղումնե՞ր արտասահման, գուցե ինչ-որ կողմնակի այլ շա՞հ… Չգիտեմ։ Չեմ հասկանում։ Եվ քանի՞ ամիս ու տարի են պատրաստ տանել այդ նվաստացումը։
Միայն թե չասեն՝ աշխատում են հանուն հայրենքի, եւ կարեւոր չէ, թե ով է այդ պահին պետության ղեկավարը։ Էդ դեմագոգիան վաղուց հայտնի է։
Նույնը՝ «ագրեսիվ ու լուռ» եւ «կոճակասեղմիչ» խմբակցության պատգամավորներին է վերաբերում։ Էնտեղ կան մարդիկ, որոնց մինչեւ պատգամավոր դառնալը համարում էի արժանապատվություն ունեցող, որեւէ ճնշում չընդունող անհատներ։ Ի՞նչ պատահեց։ Ինչպե՞ս են հանդուրժում նվաստացումները, որոնց, «ըստ օդում կախված լուրերի» (Փաշինյանի սիրած ձեւակերպումն է), ենթարկվում են, երբ Վարչապետը մասնակցում է խմբակցության նիստերին եւ «քլնգում» ինչ-որ արածի կամ չարածի համար։ Իմ պատկերացմամբ արժանապատվություն ունեցողները վայր են դրել մանդատները։ Նրանք այլեւս չէին կարող հանդուրժել կառավարչի հիստերիան։
Իսկ մյուսնե՞րը։ Անուններ չեմ տալիս, իրենք գիտեն ինձ, ես՝ իրենց։ Բայց ուզում եմ հարց տալ.
— Ախր, հարգելի բարեկամ, ախր գլուխդ բարձր քայլող մարդ էիր, չէ՞։ Ախր հանգիստ դուրս էիր գալիս ու շրջում քաղաքում, չէ՞։ Տուն գնալիս էլ չէիր սպասում, որ մութն ընկնի, հետո գնաս, որպեսզի բակում խմբվածները հարցակոխ չանեն։ Հիմա ո՞նց ես, հա՞շտ ես քո խղճի հետ եւ մինչեւ ե՞րբ ես պատրաստ «հանուն հայրենիքի» տանել նվաստացումներդ։
Հ. Գ. – Փոխանցեք «Իմքայլական» պատգամավորներին, հատկապես կարկառուն օրենսդիրներ Ալեն Սիմոնյանին եւ Վահագն Հովակիմյանին, թող Սահմանադրական օրենքի նախագիծ մշակեն «Սիրելի Վարչապետի ասածների վրա քրքջալուն ներկայացվող պահանջների մասին»։ Թե չէ երես առան էդ պաշտոնյաները, «ով երբ ուզում քրքջում է, ով չի ուզում՝ չի քրքջում…»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։