ԱՄՆ պետդեպարտամենտը հիասթափված է 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արիկանին սպանած Համբիկ Սասունյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու՝ Լոս Անջելեսի դատարանի ընդունած որոշումից։ Պետդեպն այդ առնչությամբ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ եւս մեկ անգամ ցավակցում են դիվանագետի ընտանիքին եւ Թուրքիայի ԱԳՆ գործընկերներին՝ կորստի կապակցությամբ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ դիվանագետի վրա հարձակումը ոչ միայն ծանր հանցագործություն է անձի դեմ, այլեւ գրոհ դիվանագիտության վրա՝ հավելելով, որ ԱՄՆ-ը հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ դիվանագետ սպանողը պետք է առավելագույն պատժի արժանանա եւ պատիժը կրի առանց վաղաժամկետ ազատման իրավունքի։
Համբիկ Սասունյանը, 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանության համար Թուրքիայից վրեժ լուծելու նպատակով, այդպես էլ չհայտնաբերված հանցակցի հետ, գնդակահարել էր Արիկանին ու դատապարտվել ցմահ ազատազրկման։
Սասունյանին ազատ արձակելու որոշումը 2016-ին մերժել էր այն ժամանակվա նահանգապետ Ջերի Բրաունը։ Նա վկայակոչել էր ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ գլխավոր դատախազ Ջեֆ Սեյշնի նամակները։
Ակնկալվում է, որ Համբիկ Սասունյանին ազատ արձակման գործընթացը կսկսվի առաջիկա օրերին։ Ավելի վաղ Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմի գրասենյակը Հայ ազգային կոմիտեին հայտնել էր, որ այլեւս չի բողոքարկելու դատարանի որոշումը։