«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր է կնքել ռուսական «Տրանսմաշհոլդինգ» ԲԸ հետ՝ 2021-ին միջազգային եւ ներհանրապետական ուղեւորափոխադրումների իրականացման համար նախատեսված նոր շարժակազմ ձեռք բերելու մասին:
2021-ի մայիս-հունիսին Հայաստան է բերվելու Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային ուղեւորափոխադրումները սպասարկող 27 ուղեւորատար վագոն: Դրանցից 16-ը կուպե վագոններ են, 5-ը` ննջավագոն, 6-ը` պլացքարտ:
Մինչեւ օգոստոսի 1-ը Հայաստան կբերվի նաեւ «Տրանսմաշհոլդինգի» ամենաժամանակակից սերիական արտադրանքը՝ երկու երկվագոնանոց ԷՊ2Դ նոր էլեկտրագնացք: Նմանատիպ գնացքները Հայաստանում արդյունավետ շահագործվում են 2017-ից ի վեր:
ԷՊ2Դ էլեկտրագնացքները հագեցած են կենցաղի համար անհրաժեշտ ժամանակակից սարքավորումներով, անվտանգության պասիվ համակարգերով, հատուկ միկրոկլիմայի ապահովման համակարգով, օդի ախտահանման մոդուլներով եւ էկոլոգիապես մաքուր զուգարանային սարքավորումներով:
Շարժակազմը համապատասխանում է Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված ուղեւորափոխադրումների հարմարավետության եւ անվտանգության պահանջներին ու կարող է շահագործվել ԵՏՄ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Հայաստանի տարածքում: