Սեւանա լճի ավազան գարնանը վերադարձող ջրլող թռչունների միգրացիան սկսվել եւ ընթանում է բնականոն հունով՝ չնայած համեմատաբար ոչ տաք ու ձնառատ եղանակներին, -գրում է «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակից Խոսրով Խլղաթյանը։
«Սեւան ազգային պարկ»-ի պահպանության բաժնի պետի տեղակալ, կարեւորագույն թռչնաբանական տարածքների պահպանության միջազգային կազմակերպության Գեղարքունիքի մարզի պատասխանատու Արտակ Սարգսյանը, նրան տեղեկացրել է, որ Սեւանի ավազանում թռչունների գարնանային չուն նկատվել է մոտ 20 օր առաջ։
«Արդեն նկատվել է կռունկների եւ մոխրագույն սագերի չուն։ Սեւանա լճում այս պահին կա 12 փոքր կարապ, ժամանող ջրլող թռչունների տեսակը շատ խիտ է։ Վերադարձել են մոտ 30 տեսակի թռչուններ, չուն շարունակվում է։ Նաեւ կտցարների գալու ժամանակն է սկսվել։ Սեւանի ափերին բնադրող թռչունների միգրացիան, չնայած եղանակների անբարենպաստ ընթացքին, չի խաթարված, քանի որ լիճն այս ձմռան ընթացքում եւ գարնան առաջին օրերին չի սառցակալել։ Վայրի թռչունների շարժն ու պահպանությունը գտնվում է մեր ուշադրության եւ անմիջական հսկողության ներքո»,-ասել է Սրտակ Սարգսյանը։