«2021 թվականի բյուջեն վերանայելն այլընտրանք չունի, եւ ճիշտ կլինի որքան հնարավոր է շուտ արվեն համապատասխան վերլուծությունները»,- ասում է ֆինանսների նախկին փոխնախարար Պավել Սաֆարյանը։
Վերանայել ասելով՝ Սաֆարյանը նկատի ունի բյուջեի կրճատումը։ Նախկին փոխնախարարը, որ իր երկարամյա պաշտոնավարման տարիներին գրել, կառավարությանն ու Ազգային ժողովին է ներկայացրել ՀՀ բյուջեի մոտ երկու տասնյակ նախագիծ, ասում է՝ սովորաբար պետության թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի ցուցանիշների՝ ՀՆԱ-ին, տնտեսական աճին, եկամուտներին ու ծախսերին վերաբերող գնահատականներն ու մշակումներն ավարտվում են մինչեւ հուլիս։
Այսինքն՝ 2021 թվականի բյուջեի նախագծի մշակումն ավարտվել է 2020-ի հուլիսին, երբ մեր երկրում ու ամբողջ աշխարհում մոլեգնում էր կորոնավիրուսի համաճարակը, բայց դա Արցախյան պատերազմից երեք ամիս առաջ էր։ «Տեսեք, թե անցած տարվա հուլիսին որքան թերագնահատված են եղել մեր զարգացումները, ցուցանիշները։ Եվ եթե վերանայում չլինի, տպավորություն կստեղծվի, որ այդ ցուցանիշների վրա ո՛չ պատերազմն է ազդել, ո՛չ էլ համաճարակի այսքան երկար ձգվելը։ Հիմա տպավորությունն այնպիսին է, որ մեր կյանքում ոչինչ չի փոխվել, եւ նշված եկամուտները հավաքվելու են: Բայց այդպես չէ»,- ասում է նա։
Կառավարությունն այս տարվա բյուջեով նախատեսել է հավաքել մոտ 1,5 տրլն դրամի հարկեր ու տուրքեր, կանխատեսել, որ տնտեսությունը կաճի 3,2 տոկոսով։ Նաեւ ծրագրել է կատարել 1 տրլն 850 մլրդ դրամի ծախսեր։ «Մի բան ակնհայտ է. վստահաբար չի լինելու տնտեսական աճի այն սցենարը, որ դրված է 2021-ի բյուջեի հիմքում։ Իսկ հավաքված հարկերը, ինչը տնտեսական աճի հետ է կապված, նախատեսվածից քիչ են լինելու։ Այդ դեպքում ի՞նչ հնարք պետք է անել, որ շատ հարկ հավաքվի։ Անզեն աչքով էլ կարելի է տեսնել, որ տնտեսության վիճակը վատ է: Եթե ուրիշ բան էլ չասեմ, նայեք, թե որքան սրճարան, ռեստորան կամ խանութ է փակվել»,- ասում է Պավել Սաֆարյանը։
Անցած տարվա ապրիլի վերջին, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված, կառավարությունը ԱԺ ներկայացրեց բյուջեն կրճատելու վերաբերյալ օրինագիծ, ավելի ուշ՝ մեկ անգամ էլ ինքնուրույն կրճատեց։ Այս տարի արդեն երրորդ եռամսյակն է ավարտվում, բայց նման նախաձեռնության մասին որեւէ ակնարկ չկա։ Պավել Սաֆարյանի ասելով՝ դա շատ վտանգավոր է․ «Մեր եկամուտները բավարարելո՞ւ են աշխատավարձ-թոշակ վճարելու։ Իհարկե, կարելի է սպասել, մինչեւ բանը բանից անցնի, հետո միայն դրան անդրադառնալ։ Հիմա մրցույթներ են հայտարարվում, ծախսեր են արվում, եւ տնտեսությունը բյուջեի հաշվին մի քիչ շնչում է։ Բայց վաղը-մյուս օրը, երբ եկամուտները քիչ հավաքվեցին, եւ այդ ծախսերը չարվեցին, մեծ խնդիրներ կառաջանան, ինչը նորից նպաստելու է պարտքի մեծացմանը, չվճարումներին»։
Անդրադառնալով ամենակարեւոր ծախսերից մեկին՝ պաշտպանական ոլորտին հատկացված 312,1 մլրդ դրամին, որն ընդամենը 2 միլիարդով է ավելի 2020 թվականի նույն ցուցանիշից, նախկին փոխնախարարը հարց է բարձրացնում. «Պատերազմ է եղել. մենք պաշտպանական ծախսերն ավելացնո՞ւմ ենք, թե՞ պակասեցնում: Ես չգիտեմ, եւ քիչ մարդ գիտի կառավարության քաղաքականության, տարածաշրջանային զարգացումների մասին: Եթե նպատակն այն է, որ խաղաղության գոտի է հաստատվելու, եւ մենք հարձակվելու-պաշտպանվելու մասին չենք մտածելու, կարելի է անգամ կրճատել պաշտպանական ծախսերը: Հակառակ դեպքում պետք է ավելացնել»:
Բայց առաջին հերթին պետք է գնահատել եկամուտների մեր հնարավորությունը, թե քաղաքական եւ տնտեսական տեսանկյուններից որոնք են մեր առաջնահերթությունները, եւ ծախսերը բաշխել ըստ այդմ։ Ասում է՝ առաջին եւ կարեւոր քայլով պետք է համապատասխան օրենսդրական փոփոխություն անել եւ փոխել եկամուտների սցենարը: Մեկ մարդը, եթե անգամ նա վարչապետ է կամ լավ մասնագետ, չի կարող ասել, թե որ ծախսերը եւ որքան պետք է կրճատվեն, այդ գործընթացի վրա պետք է մի ամբողջ ինստիտուտ աշխատի: Բայց պարզ է, որ պետք է կրճատել բոլոր այն ծախսերը, որոնք հրատապ եւ կենսական չեն, այդ թվում՝ սկսած մեքենաների գնումներից ու պարգեւավճարներից:
Պետական համակարգում մինչեւ հիմա էլ շարունակում են պարգեւավճարներ ստանալ: Հանուն արդարության պետք է ասել, որ ստանում են բոլորը, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաները: Եվ իշխանությունները դա բացատրում են այն փաստարկով, թե լավ մասնագետը ցածր աշխատավարձով պետական համակարգում չի աշխատի: «Ուզում եմ տեսնել այն մարդուն, որն այս իրավիճակում եթե պարգեւավճար չստանա, դիմում կգրի եւ դուրս կգա։ Դեմ չեմ պարգեւավճարներին կամ աշխատավարձերի բարձրացմանը, բայց ես այսօրվա վիճակից ելնելով եմ դա ասում։ Եթե վարչության պետը ստանում է 400-450 հազար դրամ, այլ տեղ կգնա՞»,- ասում է Սաֆարյանը։
Իսկ եթե կառավարությունը կրճատումներ չանի, ի՞նչ տեղի կունենա: «Կունենանք պետական պարտքի ավելացում: Իհարկե, քիչ է հավանականությունը, որ մինչեւ տարեվերջ վճարումների խնդիր կունենանք, թողարկած 750 մլն դոլար եվրոբոնդերով մի քիչ հանգիստ են. մի 8 ամիս էլ սա կծախսեն, հետո կերեւա։ Հաջորդ տարիներին շատ մեծ խնդիր կունենանք, բացասական արդյունքները հաջորդ տարի կերեւան»,- եզրափակում է ֆինանսների նախկին փոխնախարարը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։