ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի առնչությամբ դրական տրամադրվածություն է նկատում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որի գլխավոր խնդիրը տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչումն է:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ եթե Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում վանդալիզմի դեպքերը հաստատվեն, Ադրբեջանը միջոցներ կձեռնարկի իրավիճակը շտկելու համար՝ նկատի ունենալով Քարինտակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի, Շուշիում աշխատանքի հերոս Իվան (Հովհաննես) Թեւոսյանի եւ ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանների ոչնչացումը։
Մարիա Զախարովան հիշեցրել է` Հայաստանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը համակարծիք են, որ նացիզմի նկատմամբ հաղթանակը ձեռք է բերվել ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ջանքերի գնով:
ՌԴ ԱԳՆ խոսնակը հիշեցնելով Ադրբեջանի ՊՆ 10 հազար զինծառայողների մասնակցությամբ մարտի 15-18-ին զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին, հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի՝ օպերատիվ-տակտիկական առաջիկա զորավարժությունները պլանային բնույթ ունեն, եւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության համար ռիսկեր չկան:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է նաեւ, որ սովորաբար զորավարժություններին մասնակցում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները՝ նախապես տեղեկացնելով շահագրգիռ կողմերին: