Գետերի համար գործողությունների միջազգային օրը՝ մարտի 14-ը, համերաշխության օր է, երբ աշխարհի տարբեր անկյուններում հավաքվում են հանուն գետերի պաշտպանության՝ միաձայն հիշեցնելու, թե որքան կարեւոր է մաքուր եւ հոսող ջրի հասանելիությունը հատկապես համայնքների համար: Այս օրն առիթ է միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրելու այն բանի վրա, որ յուրաքանչյուրն իր շրջակա միջավայրի, իր շրջակայքում վտակների ու առվակների ու իր կյանքի որակի վրա ազդող որոշումներում ձայնի իրավունք պետք է ունենա: Այսօր, երբ աշխարհում մաքուր ջրի հասանելիությունն օրեցօր նվազում է, չափազանց կարեւոր է, որ մեր գործողություններով բարձրաձայնենք գետերի խնդիրների մասին եւ տեր կանգնենք մեր էկոիրավունքներին:
Համաձայն շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ի տվյալների՝ Հայաստանի խոշոր գետերի զգալի մասը, հատկապես ստորին հոսանքում, տարբեր աստիճանի աղտոտվածություն ունի, մինչդեռ դրանք չափազանց կարեւոր են գետային էկոհամակարգերի կայուն գոյության, ինչպես նաեւ առափնյա այգիների ու գյուղատնտեսական հողահանդակների ոռոգման, համայնքների տարբեր կարիքների լուծման համար:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։