Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Դուբայում անցկացվող Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում բրիտանացի աստղաֆիզիկոս Մարտին Ռիսը քննադատել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասքին, որը ծրագրել է մինչեւ 2050-ը Մարս ուղարկել մեկ միլիոն մարդու:
«Մասքի գաղափարը վտանգավոր մոլորություն է: Մարս մոլորակի վրա ապրելը ոչ մի բանով լավ չէ Հարավային Բեւեռում կամ Էվերեստի գագաթին ապրելուց»,- ընդգծել է գիտնականը:
Նրա գործընկեր Նիլ Դեգրաս Թայսոնն իր հերթին նշել է, որ հարմարավետ կյանք վարելու համար մարդիկ ստիպված կլինեն Մարս մոլորակը «վերածել» Երկիր մոլորակի՝ հավելելով, որ Երկրագնդում հնարավոր աղետից խուսափելու նպատակով մեկ այլ մոլորակ տեղափոխվելը անիրականանալի է:
Ներկայիս պայմաններում, ըստ գիտնականի, մարդկության համար ավելի հեշտ կլինի կանխել աղետը, քան ընդունելի պայմաններ ստեղծել Մարսում:
Այդուհանդերձ, Թայսոնը կոչ է արել աջակցել երիտասարդներին, որոնց համար տիեզերքը ոգեշնչման աղբյուր է: