ՌԴ պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է կոռուպցիայի մասին օրենքի լրացումները, որոնք պաշտոնյաներին ազատում են խախտումների համար պատասխանատվությունից, եթե դրանք տեղի են ունեցել պաշտոնյայից չկախված հանգամանքներում:
Նման հանգամանքներին են դասվել պաշտոնյայի վերահսկողությունից դուրս ծագած իրավիճակները, երբ հակակոռուպցիոն նորմերի պահպանումը գործնականում անհնար է եղել:
Նախագծի բացատրական հատվածում թվարկվում են հետեւյալ հանգամանքները եւս. տարերային աղետներ, հրդեհներ, համաճարակներ, գործադուլներ, պատերազմ, ահաբեկչական գործողություն, ինչպես նաեւ՝ պետական արգելքներն ու սահմանափակումները:
«Ոչ դիտավորյալ կամ պատահական կոռուպցիայի» համար կոռուպցիոն գործերով հետաքննվող անձանց ազատումը որոշելու է Ծառայողական վարքի պահանջների պահպանման հանձնաժողովը:
Օրենքը տարածվելու է պետական եւ մունիցիպալ ծառայողների, պատգամավորների, սենատորների, դատավորների, դատախազների, քննիչների, ոստիկանների, փրկարարների, զինծառայողների, Մաքսային եւ Պատժի իրականացման դաշնային ծառայությունների աշխատակիցների, ՌԴ պետբանկի, Անվտանգության խորհրդի, Հաշվիչ պալատի ծառայողների, դեսպանների, ընտրական հանձնաժողովների անդամների վրա:
Հակակոռուպցիոն նորմերի խախտումների համար պատասխանատվությունից ազատման ենթակա են նաեւ պետական ընկերությունների, Կենսաթոշակային, Սոցիալական ապահովագրության եւ Պարտադիր բժշկական ապահովագրության հիմնադրամների, ինչպես նաեւ դաշնային պետական մարմինների հանձնարարած խնդիրների կատարման նպատակով ստեղծված կազմակերպությունների աշխատակիցները: