«Գերակտիվ էր Կարենս, փոքրուց միշտ փորձանքների մեջ էր ընկնում՝ կա՛մ ոտքն էր վնասում, կա՛մ ձեռքը, բայց ցավից երբեք լաց չէր լինում»,- սկսում է զրույցը Լիլիթ Հովսեփյանը՝ Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Կարեն Հովսեփյանի քույրը: Լիլիթը պատմում է, որ երբ եղբայրը 5-6 տարեկան էր, ֆիզիկական ցավին միշտ դիմանում էր, բայց չգիտես ինչու փոքր ժամանակվա նկարները նայելիս աչքերը լցվում էին։
«Դա իրեն պատժելու միակ եղանակն էր, հենց անկարգություն էր անում, լուսանկարների ալբոմը հանում էի, մանկության նկարները ցույց տալիս, որ դաս տայի»,- ժպիտը դեմքին հիշում է Լիլիթը:
Քույրը պատմում է՝ Կարենը բացառիկ տեսակ էր, շատ հոգատար էր ու նվիրվող, նույնիսկ խանութ գնալիս հարեւաններին հարցնում էր, թե ինչի կարիք ունեն, հետո բոլորի համար ապրանքները գնած վերադառնում էր: «Ափսոս, Կարենը չգիտի, որ հիմա էլ բոլորս սպասում ենք ու հավերժ սպասելու ենք իր վերադարձին»,- ասում է Լիլիթը:
Կարենի հետաքրքրություններն անընդհատ փոխվում էին, նկարչության դասերի է հաճախել, հետո՝ ֆուտբոլի ու բռնցքամարտի: Սակայն իր բնավորության համաձայն արագ հոգնում էր եւ սկսում նոր զբաղմունքներ փնտրել: «Նկարչության պարապմունքներին այնքան ոգեւորված էր սկսել գնալ, որ երկրորդ օրվանից մեզ ստիպեց երեք ամսվա վարձը նախօրոք վճարել, մեկ ամիս էլ չէր անցել, ասաց՝ հոգնել եմ, էլ չեմ գնա, նկարներն էլ նվիրեց հարեւանուհիներին»,- հիշում է Լիլիթը:
Կարենը նաեւ խոհարարական հմտություններ ուներ։ Իր ձեռքով համեղ ուտեստներ էր պատրաստում եւ հաճելիորեն զարմացնում ընտանիքի անդամներին։ «Ամեն ինչում փայլում էր՝ բացի սովորելուց: Սեպտեմբերի 1-ն էր, դպրոց էինք գնում բակի երեխաներով, Կարենը առաջին դասարանում էր սովորում, ճանապարհին մեր հարեւաններից մեկին տեսանք, հարցրեց՝ «Բալես, ո՞ւր ես գնում», Կարենը բարձր ձայնով պատասխանեց՝ «Դպրոց»: «Կարեն ջան, բա որ դպրոց ես գնում, պայուսակդ ո՞ւր է»,- զարմացավ հարեւանը»: Լիլիթը կատակում է՝ այդպես էլ շարունակվեց Կարենի դպրոցական կյանքը. կա՛մ դպրոց չէր գնում, կա՛մ էլ պայուսակը հետը չէր վերցնում:
2013 թվականին Կարենը ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն: Արագ հարմարվել է օտար միջավայրին, ձեռք բերել նոր ընկերներ, նոր հետաքրքրություններ, սակայն չափահաս դառնալուն պես վերադարձել է հայրենիք՝ զինվորական պարտքը կատարելու:
Ծառայել է Հադրութում: Զորացրվելուն մնացել էր մի քանի ամիս, երբ սկսվեց պատերազմը: Կարենը եւ նրա ծառայակից վեց ընկերները պատերազմի հենց առաջին օրն են զոհվել: Երկար ժամանակ տղաների ծնողները չեն կարողացել գտնել իրենց երեխաների մարմինները, հրամանատարն ասել է՝ այդ յոթ տղան ամենախիզախն ու ճարպիկն էին, չէին փախչի կամ գերի ընկնի. եթե չկան, ուրեմն պայքարել են մինչեւ վերջ:
Կարեն Հովսեփյանը հանգչում է Եռաբլուրում, հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: