Ըստ աֆղանական Bakhtar գործակալության՝ Աֆղանստանի «Թալիբան» շարժումը մերժել է երկրում խաղաղ կարգավորման ԱՄՆ-ի առաջարկը: Թալիբների քաղաքական գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Նաիմ Վարդաքը հայտնել է, որ ԱՄՆ-ի առաջարկած բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ ժամանակավոր կառավարության կազմումը չի նպաստի Աֆղանստանի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարմանը:
Ավելի վաղ Վաշինգտոնի նախագիծը մերժել է Աֆղանստանի կառավարությունը:
«Թալիբանը» դարձյալ պնդում է, որ, ըստ մեկ տարի առաջ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնության՝ Աֆղանստանից դուրս բերվեն օտարերկրյա զորքերը:
«Աֆղանստանի վերջին 40 տարվա իրադարձություններն ու պատերազմական գործողությունները հաստատում են ժամանակավոր կառավարության անկենսունակությունը: Անցումային կառավարություններ են ստեղծվել ամերիկյան բռնազավթումից հետո, բայց դրանցից ոչ մեկը չի լուծել երկրի խնդիրները»,- նշել է թալիբների ներկայացուցիչը:
Նաիմ Վարդաքը խոսել է նաեւ Դոհայում նախօրեին Աֆղանստանի խնդրով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադի, Կատարի արտգործնախարար Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի եւ Թալիբանի պատվիրակության մասնակցությամբ եռակողմ հանդիպման մասին՝ նշելով, որ քննարկվել են 2020-ի Դոհայի համաձայնագրի կատարման, Աֆղանստանի ներկա իրավիճակի եւ ներաֆղանական բանակցությունների հարցը: