Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության նախաձեռնությամբ՝ Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրինագիծը:
Նախագծի հեղինակներն իրենց առաջարկները հիմնավորում են նրանով, որ վերջին պատերազմի հետեւանքով կնքված եռակողմ հայտարարության համաձայն՝ Արցախի բազմաթիվ համայնքներ դարձել են սահմանամերձ բնակավայրեր: Հաշվի առնելով դեռեւս չկարգավորված հակամարտությունը եւ պատերազմի ամենօրյա վտանգը՝ արցախցիների ինքնապաշտպանության մակարդակը բարձրացնելու, զենքի հետ վարվելու կանոնների իմացության կատարելագործման, քաղաքացիական եւ ծառայողական զենք կրելու իրավունք ունեցող անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվության հստակ սահմանման անհրաժեշտություն կա:
Կատարվող լրացման արդյունքում՝ որսորդական ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք կվերապահվի նաեւ պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիներին: