Անկարայում երեկ նշվել է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի ստորագրման 100-ամյակը՝ «Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման հարյուրամյակի կապակցությամբ» խորագրով: «Անատոլու» լրատվական գործակալությունը գրում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հոբելյանական միջոցառման կազմակերպմանն աջակցել է Թուրքիայի Բիլքենդի համալսարանը: Ելույթ են ունեցել Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը, Ռուս-թուրքական ֆորումի համանախագահ Ահմեդ Բերաթ Չոնքարը, Բիլգենդի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Աբդուլլահ Աթալարը եւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։ Թուրքիայի խորհրդարանի նախագահի ելույթից առաջ ցուցադրվել են պատմական կադրեր, որտեղ երեւում են պայմանագիրը ստորագրած երկու կողմերի ներկայացուցիչները՝ Յուսուֆ Քեմալ Բեյը, Ռիզա Նուր Բեյը, Ալի Ֆուաթ Ջեբեսոյը, Ջելալ Կորկմասովը, Գեորգի Չիչերինը: Խորհրդարանի նախագահը նշել է, որ արխիվային կադրերը ցույց են տալիս երկու պետությունների ներկայացուցիչների անկեղծությունն ու ընկերական վերաբերմունքը, փաստաթղթի ստորագրումից մեկ դար անց Մոսկվայի պայմանագիրը չի կորցնում իր նշանակությունը, եւ որ ռուս-թուրքական հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Տեսաուղերձով նրանց է միացել ռուս պատմաբան, թուրքագետ Միխայիլ Մեյերը:
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագիրը ստորագրվել է 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ՌԽՖՍՀ-ի եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ իբրեւ «եղբայրության եւ բարեկամության պայմանագիր», որով Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչված բոլոր տարածքների նկատմամբ։ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը։ Պայմանագրով հաստատվել է Թուրքիայի հյուսիսարեւելյան սահմանը, որը գործում է մինչ այսօր:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։