Ըստ «Մարդու իրավունքների պաշտպանություն» (Human Rights Watch) ՀԿ-ի` 2020-ի աշնանը տեղի ունեցած վեցշաբաթյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը կոպտորեն խախտել է քաղաքացիական անձանց իրավունքները՝ նրանց ձերբակալելով, ստորացնելով ու ենթարկելով անմարդկային չարչարանքների։ Երկու ձերբակալվածներ ադրբեջանական գերության մեջ մահացել են։ Ըստ փաստերի՝ նրանցից մեկը ապօրինի մահապատժի զոհ է դարձել։ Ադրբեջանական ուժերն այս անձանց ձերբակալել էին, թեև որևէ ապացույց չկար, որ նրանք իրենցից ինչ-որ վտանգ էին ներկայացնում․ զենք չունեին ու ռազմական գործողություններին չէին մասնակցում։
Հարազատների պատմածների հիման վրա ստորեւ ներկայացնում ենք այն երկու ձերբակալվածների պատմությունը, որոնք սպանվել են։ Հանցագործությունը բացահայտելու համար «Մարդու իրավունքների պաշտպանություն»-ը զրուցել է երկու հոգու հետ, որոնք գերեվարված են եղել, եւ նաեւ նրանց ընտանիքի անդամների հետ, ուսումնասիրել է նրանց եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի տրամադրած՝ ապացույցներ պարունակող լուսանկարներն ու տեսանյութերը, բժշկական փաստաթղթեր ու զրուցել է այդ ընտանիքները ներկայացնող փաստաբանների հետ։
Փետրվարի վերջում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը դիմել է դատարանին, որ միջամտի ենթադրվող 240 ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցով։ Դիմումների 90 տոկոսի դեպքում որպես ապացույց լուսանկարներ կամ տեսանյութեր են տրամադրվել, մնացած դեպքերը հիմնված են ականատեսների տվյալների վրա։ ՄԻՊ-ը իրավասու չէ գերիների հստակ թիվը պարզելու, բայց գործով զբաղվող երկու փաստաբանների գնահատմամբ՝ գերիների ավելի քան 10 տոկոսը քաղաքացիական անձինք են։ Զինադադարից ավելի քան երեք ամիս անց Ադրբեջանն ընդհանուր առմամբ վերադարձրել է 69 ռազմագերու և քաղաքացիական անձի։ Հարկ է նշել, որ պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիական անձանց պաշտպանությունն ամրագրված է միջազգային կոնվենցիաներով։
Արեգա եւ Էդուարդ
Հոկտեմբերի վերջին Ավետարանոց գյուղի իրենց տանը ադրբեջանական ուժերը ձերբակալել են 72-ամյա Արեգա Շահգելդյանին եւ նրա ամուսնուն՝ 79-ամյա Էդուարդին, ու տարել Բաքու։ Վեց շաբաթ անց Արեգային ազատ են արձակել, իսկ Էդուարդը բանտում անորոշ հանգամանքներում մահացել է։
Պատերազմի օրերին ամուսինները հրաժարվել էին իրենց գյուղը լքելուց։ Նրանք կարծում էին, որ ադրբեջանցիներին չի հաջողվի իրենց գյուղ մտնել, մինչդեռ արդեն մտել էին։ Ամուսիններին բռնելուց հետո ադրբեջանցիները նրանց տարել են գյուղում մի դատարկ տուն ու գիշերը եւս երկու տղամարդու հետ նրանց այնտեղ են պահել։ Տղամարդկանցից մեկին հաջողվել է փախչել։ Հաջորդ օրը ձերբակալվածներին տարել են մոտակա լեռներում գտնվող մի փայտանոց։ Արեգան պատմում է, որ Էդուարդին այնտեղ ծեծել են՝ պատճառաբանելով, որ նա հաստատ մասնակցել է 30 տարի առաջ տեղի ունեցած մարտերին։ Այնուհետեւ քաղցած, ծարավ, մրսած ու վախեցած ձերբակալվածներին տեղափոխել են Բաքվի մի բանտ, որի բակում ջուր խմելիս նրանց մի պահ հաջողվել է տեսնել իրենց համագյուղացի Մաքսիմ Գրիգորյանին, որը հետո անհայտացել է։ Դրանք այն վերջին րոպեներն էին, երբ Արեգան տեսել է ամուսնուն։ Այդտեղից Արեգային տարել են մի խուց, որտեղ Ազնիվ անունով էլի մի տարեց կին է եղել։
Արեգայի ու Էդուարդի դուստրը՝ Գոհարը, միայն նոյեմբերին է իմացել, որ ծնողները Բաքվի բանտում են։ Դեկտեմբերի 5-ին թույլ են տվել, որ Արեգան հեռախոսով զրուցի դստեր հետ։ Հենց այդ առավոտյան էլ նա իմացել է ամուսնու մահվան մասին։ Ասթմայից տառապող Էդուարդին օրական երեք անգամ դեղ է անհրաժեշտ եղել, բայց Բաքվում նա դրանք չի ստացել։
Արեգային ու մի քանի այլ ձերբակալվածների վերադարձրել են նոյեմբերի 9-ին։ Էդուարդի դին էլ այդ օրը պետք է վերադարձնեին, բայց հաջորդ օրը ընտանիքի անդամները նկատել են, որ այլ դի է ուղարկվել։ Ադրբեջանը ժխտել է այդ փաստը, բայց ի վերջո՝ դեկտեմբերի 28-ին, նրա դին ուղարկել են։ Դիահերձումից պարզ է դարձել, որ Էդուարդի մահը վրա է հասել բութ գործիքով ուղեղին հասցված վնասվածքից եւ ուղեղի կենսագործունեության սուր խանգարումից։
Սաշա եւ Արսեն
Հոկտեմբերի 7-ին Ղարախանյանների ընտանիքը ահագնացող սպառնալիքի պատճառով փախել է Հադրութից, բայց 71-ամյա Սաշա Ղարախանյանը չի լքել իր տունը, հորը Մոսկվայից այցելելու եկած 44-ամյա Արսենն էլ մնացել է նրա հետ։ Հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները ներխուժել են նրանց տուն։ Նոյեմբերի 9-ին նրանց հարազատները մի տեսանյութ են տեսել, որում ադրբեջանցիները Սաշային ստիպում էին համբուրել Ադրբեջանի դրոշն ու ասել՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանը Սաշային 44 ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հետ վերադարձրել է։ Սաշան տասը օր հիվանդանոցում է անցկացրել․ նրա մարմնի տարբեր մասերում վնասվածքներ կային։
Հունվարի 6-ին՝ Արսենից գրեթե երեք ամիս լուր չունենալուց հետո, նրա հարազատները էլի մի տեսանյութ են տեսել, որում Արսենին ստիպում էին ասել՝ Ղարաբաղը Ադրբեջան է, ու վիրավորական խոսքեր հնչեցնել Նիկոլ Փաշինյանի հասցեին։ Հենց այդ օրը Արսենի մոր ծննդյան օրն էր, ու նա դա նվեր է համարել․ գոնե իմացել է, որ որդին ողջ է։ Հունվարի 8-ին Արսենի մասնակցությամբ մի տեսանյութ էլ է տարածվել։ Հունվարի 13-ին ՀՀ Կառավարության խնդրանքով ՄԻԵԴ-ը Ադրբեջանից Արսենի մասին տեղեկություն է պահանջել։ Հինգ օր անց Այգեստան գյուղի մոտակայքում գտնվել է Արսենի դին։ Նրան կրակել էին ատրճանակով ՄԻԵԴ-ի՝ նրա մասին բարձրաձայնելուց 2 օր անց։
Պատրաստեց Անուշ Իգնատյանը