ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է համարում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, ըստ որի Ադրբեջանը, իր պարտավորությունների համաձայն, հայկական կողմին է փոխանցել պատերազմի ընթացքում եւ դրանից առաջ գերեվարված բոլոր ռազմագերիներին:
«Ադրբեջանի ԱԳ նախարարն իր հայտարարությամբ հակադրվում է հենց այդ երկրի մյուս պատկան մարմիններին, որոնք հաստատել են Ադրբեջանում տասնյակ հայ ռազմագերիների առկայության փաստը՝ գերեվարված ինչպես ռազմական գործողությունների ժամանակ, այնպես էլ՝ հրադադարից հետո»,- հավելել է Նաղդալյանը:
ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Ադրբեջանը հայ ռազմագերիների վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում նաեւ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գործի շրջանակներում այս հարցով զբաղվող ՄԻԵԴ-ին, որը վերջերս որոշում է ընդունել այս առնչությամբ ծանուցել ԵԽ Նախարարների կոմիտեին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը բազմիցս խախտել է Եվրոպական դատարանի սահմանած ժամկետները եւ չի տրամադրել ամբողջական տեղեկություն։
«Ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։ Պետք է ընդգծեմ, որ միջանկյալ միջոցների չկատարումը հավասարազոր է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտման»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նաղդալյանը հավելել է, որ եռակողմ հայտարարության 8-րդ դրույթը վերաբերում է բոլոր ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակում հայտնված այլ անձանց, եւ նման հայտարարություններով Բաքուն ուղղակի հաստատում է, որ միտումնավոր չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:
«Հայ գերիներին պատանդի կարգավիճակում շարունակական պահելը խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացմանը»,- եզրափակել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը: