Ըստ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆեյսբուքյան գրառման՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի առանձնազրույցը:
Հանդիպումից հետո լրագրողների համար արված հայտարարության մեջ Արա Այվազյանը շեշտել է, որ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում` Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման եւ դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն եւ տեւական՝ ընդգծելով, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին եւ գիտակցում է հնարավորությունները, որ խաղաղությունը եւ իրական հաշտեցումը կարող են բերել տարածաշրջանին, սակայն խաղաղությունը լոկ գեղեցիկ բառ չէ:
«Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար եւ արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարարը:
Այսօր օրվա երկրորդ կեսին նախատեսված է ԵԱՀԿ նախագահի հանդիպումը վարչապետ Փաշինյանի հետ։