Եվրամիության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող «Սեւանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» ծրագրի նպատակն է բարելավել Սեւանա լճի ջրահավաք ավազանի մշտադիտարկման, կառավարման, էկոհամակարգի համար բարենպաստ եւ ջուր խնայող հողօգտագործման տեխնոլոգիաների ներդրման, կեղտաջրերի մաքրման, ներառյալ բնահեն լուծումների իրականացման կարողությունները։ Ծրագրով նախատեսվում է նաեւ բարձրացնել Սեւանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքների, մասնավոր հատվածի եւ այլ շահագրգիռ կողմերի շրջանում։
Ծրագրի ֆինանսավորումը 5,7 միլիոն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է: Գործողությունները պետք է իրականացվեն 48 ամսվա ընթացքում (սեպտեմբեր, 2020 – օգոստոս, 2024):
Մարտի 15-ին ծրագրի առցանց մեկնարկի միջոցառմանը մասնակցել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարը, ծրագիրը ֆինանսավորող եւ իրականացնող կառույցների, պետական կառավարման եւ Գեղարքունիքի մարզային, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, պետական եւ մասնավոր ոլորտների գործընկերներ եւ փորձագետներ:
Նախարարը երախտագիտություն է հայտնել Սեւանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների եւ ներդրված ջանքերի համար: Կարեւորել է լճի գեոքաղաքական նշանակությունը՝ որպես տարածաշրջանային բարձրլեռնային քաղցրահամ ջրի ամենամեծ ամբարի, կլիմայաստեղծ կարեւոր բնատարածքային համալիրի ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանային եւ գլոբալ առումով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։