1991 թվականի մարտի 15-ին մի խումբ պատգամավորների պահանջով Հայաստանի Գերագույն խորհրդում տեղի ունեցավ խորհրդակցության։ Խնդիր էր դրվում վերանայել 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի Հայաստանին վերաբերող կետերը։ Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնն իր կայքում՝ առանց մեկնաբանությունների, տեղադրել է խորհրդակցության սղագրությունը (Ազգ, 20 մարտի, 1991)։ Ի դեպ 1991 գարնանը լրանում էր ռուս-թուրքական պայմանագրի 70-ամյակը։
Լեւոն Տեր-Պետրոսյան — (Խոսելով Յուրի Բարսեղովի «պլատֆորմի» մասին, ինչը վկայակոչում էր ռուս-թուրքական պայմանագիրը արտահերթ նստաշրջանում վերանայելու ամենաակտիվ կողմնակից Ռուբեն Հակոբյանը)։ «Դա մի ռուսախոս իրավաբան է, որ հայ ժողովրդի ճակատագիրը պիտի որոշի՞…»
Տիգրան Կյուրեղյան — «…Մենք պետք է քաղաքական ակտ անենք, որպեսզի ցույց տանք, որ ԽՍՀՄ-ը չի կարող առանց մեր մասնակցության ինչ-որ հարաբերություններ ճշտել։ …Այս պայմանագրի Հայաստանին վերաբերող համապատասխան հոդվածների չեղյալ հայտարարելը… ես կասեի, հակառուս քայլ է, որովհետեւ Ռուսաստանի դեմ է նաեւ ուղղված»։
Լեւոն Տեր-Պետրոսյան — «Իսկ մեր նպատակն է հակառո՞ւս լինել»։ «…Պետք է հիմնավորել այդ հարցի կարեւորությունը այսօր մեր հանրապետության քաղաքական ճակատագրի համար»։
Վիգեն Շիրինյան — Արցախ. «…Ես այսպես եմ մտածում, որ ցանկացած հայ հիմա չի կարող Օզալի ԽՍՀՄ գալու փաստի կողքով անտարբեր անցնել»։
Հրայր Կարապետյան, ՀՅԴ, Հայաստանի Կենտրոնական կոմիտեի քաղաքական դիվանի ներկայացուցիչ — «Ինձ հանձնարարված է նստացույցի կազմակերպիչների անունից ընթերցել այստեղ մի նախագիծ, որտեղ, կարծում եմ, կա բավականաչափ հիմնավորում այն հարցի, որն այստեղ այսօր քննարկվում է…»:
Լեւոն Տեր-Պետրոսյան — (Խոսելով ՀՅԴ-ի «1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի քաղաքական ու միջազգային իրավական գնահատականի վերաբերյալ եւ Հայաստանի ԳԽ որոշման նախագծի մասին) «Այստեղ ոչ մի քաղաքական հիմնավորում չկա։ …Սա դաշնակցական կուսակցության փաստաթուղթն է, որը հիմա Ռուբեն Հակոբյանը, որ նախաձեռնող խմբից էր, ինձ ներկայացրեց որպես իրենց փաստաթուղթը… Ինչո՞ւ եք պահմտոցի խաղում…։ …Արտերկիրը չպետք է շահարկել»։
Ալեքսան Հակոբյան — Սա ՊԱԿ-ի ծրագիրն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր այն մարդիկ, որ պնդում են այս հարցի վրա, անկեղծ չեն… Քաղաքականության մեջ լինում է, որ ակամայից ամենաազնիվ, հայրենասիրական մղումները ծառայեցվել են քաղաքական ուժերի նպատակներին։ Ես էլ իմ համոզումն ունեմ, որ սա որոշակի քաղաքական ուժերի ծրագիր է, եւ ես ուրախ կլինեի, որ այդ քաղաքական ուժերը բացահայտվեին»։
Հովհաննես Իգիթյան — «Ես համոզված եմ, որ ամեն մի հայ իր ամեն մի բջիջով դեմ է այս պայմանագրին եւ երբեք օրինական չի ճանաչի… Այս հարցի քննարկումը խորհրդարանում հոյակապ առիթ է ոմանց համար՝ վարկաբեկելու իշխանությանը…»։
Մերուժան Տեր-Գուլանյան — «…Միայն նրա համար, որ Գորբաչովը եւ Օզալը հանդիպել են, արտահերթ նստաշրջան հրավիրել, այսպես խառնվել իրար, առճակատման գնալ, նստացույցով սկսել, եւ այլն, ես կարծում եմ, որ սա ճիշտ չի…»։
Լեւոն Տեր-Պետրոսյան — «…Այս հարցի նախաձեռնողը Գալոյանն էր Կոչետկովի եւ Հարությունյանի հետ միասին, որոնք Մոսկվայում մշակեցին, բերեցին այստեղ եւ ուզեցին անցկացնել այդ հարցը… Մոռացե՞լ եք պատմությունը…»։
Հրաչիկ Սիմոնյան — «…Մենք պետք է կարողանանք շատ պարզորոշ սահմանազատենք երկու բան. իրավունք եւ նպատակահարմարություն։
…Ոչ մի կասկած լինել չի կարող, որ քանի գոյություն ունի հայ ժողովուրդը, քանի կա մի հայ, Հայ դատը պիտի ապրի։
Բայց կա նաեւ նպատակահարմարության հարց։ Մենք սա որդեգրում ենք որպես պետական քաղաքականություն, թե՞ ոչ։
Բոլոր զանգվածային միջոցների օգնությամբ մենք միշտ թարմ պիտի պահենք Հայ դատը։ Սակայն կարո՞ղ ենք մենք, արդյոք, որդեգրել Հայ դատը որպես պետական քաղաքականություն։ Մի շարք խնդիրներ են ծագում։
Առաջին. պարզ է, որ եթե ամեն անգամ թուրքերը այցելելով Մոսկվա, կամ հակառակը, վերարծարծում են մարտի 16-ի պայմանագրի հարցը, դա նշանակում է, որ այդ խնդիրը կա, հարցը գոյություն ունի։
Երկրորդ. պատմությունը արդյոք կարո՞ղ է լինել փաստարկ քաղաքականության մեջ։ Ցավոք, ոչ։
Երրորդ. մեր բոլոր քայլերը պետք է նպատակաուղղված լինեն կայսրությունից դուրս գալուն…
Չորրորդ. Եթե չեղյալ ենք հայտարարում այս պայմանագրերը, մենք հայտնվում ենք՝ միջազգային իրավունքի տեսակետից՝ պատերազմական իրավիճակում։
…Մենք ունե՞նք միջոցներ, որպեսզի կարողանանք գոնե մեկ շաբաթ դիմագրավել որեւէ հարձակման, եթե այդպիսին լինի, մինչեւ որ աշխարհը խառնվի այս գործին։
…Միայն անկախության ուղիներում մենք կարող ենք ձեռք բերել մեր անկախությունը։ Եկեք ուրեմն այնպես անենք, որ չվնասենք մեր անկախության գործընթացին»։
Կտրիճ Սարդարյան — «Մեր խորհրդարանի մի քանի ամսյա պատմության մեջ երկրորդ անգամ է, որ խորհրդարանին պարտադրվում է արտաքինից թվացյալ հայրենասիրական, մեծ գրգիռներ ունեցող վեճ, բայց իրականում քաղաքական գծին խանգարող։
…Ոչ մի հայ չի կարող մոռանալ իր պատմական տարածքները… Պահանջատիրություն ասածը դատարկ բան է այսօր։ Դա ձեռնտու է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Հայաստանի անկախությանը։ …Մարդիկ կան, որոնք անցնելով նույնիսկ ՀՀՇ-ի սթափ քաղաքական դպրոցը, պնդում են, որ 21 թվի պայմանագիրը պիտի վերանայվի եւ այլն… Մեր ի՞նչ գործն է, թե Մոսկվան ո՞ւմ հետ է պայմանագիր ստորագրում, ինչպե՞ս է ստորագրում…»:
Ռուբեն Հակոբյան — «…Սա նոր ձեւ չի։ Հարցի էությունից հեռանալու համար կարելի է հարցը կամ հարցը բարձրացնողներին վարկաբեկել, տեղափոխել այլ հարթություն։ Մենք կռվեցինք տոտալիտար, միակուսակցական վարչակարգի դեմ, բայց, ցավոք, ամբողջությամբ վարակված ենք նրանց թողած ավանդույթներով։ …Եկեք ազգային-ազատագրական այս պայքարը դասակարգային հարթություն չտեղափոխենք, դա էլ դավաճանություն է։ …Ես հիմնավորումներ չեմ տա…
…Ես չէի ցանկանա, որ այնպես դիտվեր, թե հայ հեղափոխական դաշնակցությունն այստեղ բարձրացրել է հարցը ինչ-որ «ավանտյուրաներով», ինչպես այստեղ ասվեց։ Այդ հարցը չկա»։
Լեւոն Տեր-Պետրոսյան — «… 70 տարի սփյուռքի քաղաքական կուսակցությունների գործունեությունը ծառացած է եղել հիմնականում այս հարցի շուրջ, բայց մենք տեսանք այդ պայքարի արդյունքները…
…Խորապես գիտակցում ենք, որ մենք չենք յուրացրել, չենք տիրում այն հողը, որն այսօր կազմում է Հայաստանի Հանրապետության գոյության երաշխիքի տեսակետից…
Չչափելով մեր ուժը, ձեռնոց նետել մեր բոլոր հարեւաններին՝ սա ես կգնահատեի որպես արկածախնդրություն եւ պատասխանատվության բացարձակ բացակայություն։
…Վաղը կարող է կրկնվել 18 թվականը։ Դուք կարծում եք, որ մեր ստատուս-քվոն պիտի պահպանվի, եւ մենք հույսներս դրած փառապանծ կարմիր բանակի վրա, ապահով պիտի ապրե՞նք։ Վաղը ռուսական զորքը կարող է հեռանալ Անդրկովկասից, եւ ոչ մեր կամքով, ոչ մեր պահանջով։
…Եվ դուք պետք է մեն-մենակ մնաք այս մեր շատ սիրած բարեկամների հետ։ Ի՞նչ եք անելու այդ օրը։
Դուք, պարոն Ռուբեն Հակոբյան եւ մյուսներդ, անելու եք այն, ինչ արեցին մեր իսկապես նվիրված մարդիկ, որոնք կնքեցին այն չորս պայմանագրերը հինգ տարվա ընթացքում. Բաթում, Ալեքսանդրապոլ, Ղարս եւ Միութենական պայմանագիր։ Դուք ստիպված կլինեք կնքելու ձեր ձեռքով։
Բայց կա իրականություն… Չի կարելի խաղալ ազգի ճակատագրի հետ… Դուք ոչ մի դաշնակից չունեք…
Ես երբեք այդպիսի որոշում չեմ ստորագրի։ Ես կպայքարեմ մինչեւ վերջ, թույլ չտալու համար այդպիսի արկածախնդրություն, որովհետեւ ես զգում եմ իմ պատասխանատվությունը։
Ես շատ լուրջ կպայքարեմ, եթե խորհրդարանին չհամոզեմ, ես ժողովրդին կդիմեմ։ Եթե դուք 7 հազար ստորագրություն եք հավաքել՝ ես 500 հազար կհավաքեմ, մենք այդ փորձն ունենք, այնպես որ այս մեթոդներով չի կարելի մեզ վրա ճնշում գործադրել։
… Մի բան էլ շատ էժանագին կերպով այստեղ շահարկվեց՝ դա հեռագրերն են սփյուռքից։ Վաղն եւեթ հաղորդեք արտասահմանի թերթերում, որ Փարիզում եւ Նյու-Յորքում նարինջ ուտող հայը իրավունք չունի մեզ քաղաքականություն թելադրել, որովհետեւ Ղարաբաղում եւ Հայաստանում ոչ թե փարիզեցին է զոհվում, այլ հայաստանցին, հայաստանցի երեխան է այստեղ սովից մեռնում…
…Աշխարհում ցանկացած պետության գոյություն երաշխավորված է առաջին հերթին իր հարեւանների հետ ունեցած հարաբերություններով։
Քանի որ սա մեր գոյության խնդրի հետ առնչվող հարց է, ես կողմ եմ, որ հայ-թուրքական հարցը քննարկվի խորհրդարանում։ …Մշակենք մոտեցում եւ այսուհետեւ թույլ չտանք այսպիսի տարերային ինքնագործունեություն։
…Եթե իմ խոսքը համոզեց պատգամավորներին, մի մասը կարող է հետ վերցնել իրենց դիմումները, եթե ոչ՝ մենք պետք է հարգենք մեր օրենքները եւ գումարենք նստաշրջան»։
Ինչպես տեղեկացանք Գերագույն խորհրդի քարտուղարությունում, անցած օրվա դրությամբ մոտ 30 պատգամավոր հետ են վերցրել իրենց դիմումները, որ ներկայացրել էին արտահերթ նստաշրջան գումարելու պահանջով՝ ռուս-թուրքական պայմանագրի վերանայման հարցը մտցնելով օրակարգի մեջ։