Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ խորհրդատվական առցանց հանդիպում քաղհասարակության ներկայացուցիչների հետ: Քննարկման առարկան Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավման 2021-2027 թվականների ԵՄ ճանապարհային քարտեզն էր:
Ըստ բանախոս, ԵՄ պատվիրակության միջազգային համագործակցության պատասխանատու Լինե Ուրբանի՝ նոր ճանապարհային քարտեզը շատ չի տարբերվի նախորդից (2018-2020), որը ներառում էր Հայաստանի քաղաքացիական հասարակության գործունեության եւ միջավայրի համառոտ վերլուծությունը, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) առջեւ ծառացած մարտահրավերները, ինչպես նաեւ վերհանում Հայաստանի քաղաքացիական հասարակության ներգրավման հետ առնչվող ԵՄ գերակայությունները եւ միջոցառումները:
Խորհրդատվական հանդիպման նպատակն էր վերանայել, թարմացնել ու արդիականացնել ճանապարհային քարտեզը նոր մարտահրավերների, մասնավորապես Քովիդ-19-ի համավարակի ու հակամարտության համատեքստում:
Նոր ճանապարհային քարտեզը սահմանում է ՔՀԿ-ների հետ մինչեւ 2027 թվականը ԵՄ համագործակցության միջնաժամկետ նպատակները, ներառում երկխոսություն, տեխնիկական ու ֆինանսական աջակցության հիմքերը, որոնք ուղղված կլինեն ՔՀԿ-ների կարողությունների զարգացմանը, շրջակա միջավայրին եւ կլիմայի փոփոխություններին հարմարվողականությանը, ատելության խոսքի, աղքատության կրճատմանը, սոցիալական ձեռնարկությունների ստեղծմանն ու զարգացմանը: ԵՄ պատվիրակությունն ակնկալում է մինչեւ շաբաթվա վերջ ՔՀԿ ներկայացուցիչներից ստանալ առաջնահերթությունների համալրման առաջարկություններ, ամփոփել դրանք ու մինչեւ մարտի վերջ ներկայացնել ԵՄ անդամներին:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։