ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն Արա Այվազյանի հետ առանձնազրույցից հետո լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հրադադարի մասին նոյեմբերի 10-ի համաձայնագրից հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվել է. նրա գնահատմամբ հրադադարի համաձայնագրի իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի լուծման հարցում:
Ողջունելով հրադադարը եւ միաժամանակ խոր ափսոսանք հայտնելով վիրավորվածների եւ զոհվածների կապակցությամբ՝ Անն Լինդեն ընդգծել է, որ որպես ԵԱՀԿ գործող նախագահ ողջունում է երկարաժամկետ կայուն լուծում գտնելու ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ իր անձնական ներկայացուցչի ջանքերը:
Լինդեն նշել է, որ ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը, որպես ամբողջություն, կարեւոր դեր ունեն իրավիճակը քննարկելու եւ լուծման ուղիներ գտնելու գործում:
Նրա խոսքով՝ այս փուլում կարեւոր է հարգանք դրսեւորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը: Անն Լինդեն շեշտել է նաեւ վստահության կառուցման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այս այցը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության առաջնահերթությունները քննարկելու հնարավորություն է ընձեռել:
Անն Լինդեն ընդգծել է, որ Շվեդիան մտադիր է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ, ինչը հստակ արտացոլվում է Երևանում անմիջական ներկայությամբ, այսինքն՝ ռեզիդենտ դեսպան նշանակելով:
Անդրադառնալով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին՝ Անն Լինդեն նշել է, որ տպավորված է Հայաստանում սկսված ժողովրդավարական բարեփոխումներով: «Վերջին շաբաթների ընթացքում մենք տեսանք, թե այդ առաջընթացը որքան փխրուն կարող է լինել: Ես բոլոր կողմերին կոչ եմ հղում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով ժողովրդավարական գործընթացները և օրենքի գերակայությունը՝ ըստ ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների»,- եզրափակել է ԵԱՀԿ նախագահը: