ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Նախարարը, ողջունելով շվեդ գործընկերոջ այցը Հայաստան, անդրադարձել է առանձնազրույցի եւ ընդլայնված կազմով հանդիպումների ընթացքում շոշափած հարցերին, դրանց թվում՝ ԵԱՀԿ-ում շվեդական նախագահության գերակայություններին, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցերի լայն շրջանակին, ինչպես նաեւ հայ-շվեդական երկկողմ օրակարգին:
Այվազյանը Թուրքիայի գործուն աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի ուժի կիրառումը Արցախում ԵԱՀԿ հանձնառությունների եւ Հելսինկիի եզրափակիչ ակտի կոպտագույն խախտում է որակել:
Նա նշել է, որ ռազմական հանցագործություններով ուղեկցված պատերազմից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերության մեջ պահելով հայ ռազմագերիներին եւ պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց, ինչը պետք է արժանանա միանշանակ դատապարտման:
ՀՀ արտգործնախարարն ընդգծել է նաեւ, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը ՀՀ-ն դիտարկում է որպես հրադադարի վերականգնմանը եւ անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ:
«Թեեւ այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա: Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների եւ տարրերի հիման վրա: Մենք նաեւ կարիք ունենք ամուր եւ համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության եւ խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարեւորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»,- եզրափակել է ՀՀ արտգործնախարարը: