ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կազմակերպության նախորդ տարվա աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցում թվարկել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր սպառնալիքները, դրանց թվում նշելով Ռուսաստանի ապակայունացնող պահվածքը, ահաբեկչությունը, Չինաստանի վերելքը, կիբերգրոհները, նոր տեխնոլոգիաները, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունները՝ շեշտելով, որ թվարկված սպառնալիքներից ոչ մի երկիր եւ ոչ մի մայրցամաք ի վիճակի չէ միայնակ գլուխ հանել:
«Հետեւաբար պետք է աշխատենք միասին՝ ռազմավարական համերաշխությամբ»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ըստ Ստոլտենբերգի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր երկրները, ի հեճուկս իրենց տնտեսությունների վրա համավարակի թողած բացասական ազդեցության, ռազմական ծախսերը նախորդ տարի ավելացրել են 3,9 տոկոսով: