Բրիտանական The Guardian պարբերականը գրում է, որ Իսպանիայի կառավարությունը երկար բանակցություններից հետո ի վերջո հավանություն է տվել Más País կուսակցության նախագծին, ըստ որի աշխատանքային շաբաթը մեկ օրով կրճատվում է:
Նախագծի մեկնարկի հստակ ժամկետը դեռ համաձայնեցված չէ, սակայն հայտնի է, որ մի շարք ընկերությունների հետ կնքվելու է 50 միլիոն եվրոյի պայմանագիր: Դրամական միջոցներն ուղղվելու են հնարավոր վնասները եւ ռիսկերը նվազեցնելուն:
Más País կուսակցության ներկայացուցիչ Էկտոր Տեխարոն նշել է, որ պայմանագրի համաձայն՝ 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու դեպքում նշված ընկերություններում բոլոր աշխատատեղերն ու աշխատավարձի չափը պահպանվելու են: Ըստ նրա՝ նախագիծը հավանաբար ուժի մեջ կմտնի այս տարվա աշնանը: Տեխարոն շեշտել է, որ Իսպանիան նման խոշոր մասշտաբի փորձ կիրառող առաջին երկիրն է աշխարհում:
Կուսակցությունը չորսօրյա աշխատանքային շաբաթը փոխառել է Software Delsol ընկերությունից, որը դրական արդյունքների է հասել նման փորձից հետո. ընկերության աշխատակիցները խոստովանել են, որ 32-ժամյա աշխատանքային ռեժիմով իրենց ավելի երջանիկ ու առույգ են զգում: Ընդ որում՝ զգալիորեն նվազել են աշխատավայրից ծլկելու դեպքերը: