Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը:
Անն Լինդեի եւ վարչապետի առանձնազրույցից հետո շարունակվել է ընդլայնված կազմով հանդիպում:
Ողջունելով ԵԱՀԿ նախագահի այցը Հայաստան, Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցությունը՝ կայունության եւ անվտանգության ապահովման գործում:
Նա ընդգծել է, որ ԼՂ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ այդ համատեքստում կարեւորել է ՄԽ գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի վերսկսման եւ հիմնախնդրի համապարփակ կարգավորման հարցում՝ ընդգծտելով ԼՂ կարգավիճակի հստակեցման ու արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման անհրաժեշտությունը:
Փաշինյանը շեշտել է, որ դեռեւս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, հումանիտար խնդիրները, արցախայության իրավունքների, մշակութային ժառանգության ինքնության պաշտպանությունը եւ ընդգծել է ԵԱՀԿ վճռորոշ դերն այս հարցում:
Վարչապետն իբրեւ առաջնահերթություն կարեւորել է ռազմագերիների վերադարձի հարցը, որը պետք է լուծվի առանց նախապայմանների, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց:
ԵԱՀԿ նախագահ Անն Լինդեն ԼՂ հակամարտության կարգավորման գործում կարեւորել է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու իր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ միտված երկարաժամկետ կայուն լուծմանն ու խաղաղության հաստատմանը:
Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն եւ միջազգային հանրությունը որպես ամբողջություն կարեւոր դեր ունեն անդրադառնալու ներկայումս ստեղծված անմիջական իրավիճակին եւ կողմերին օժանդակելու՝ գտնել հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Միաժամանակ, ԵԱՀԿ գործող նախագահը կարեւորել է միջազգային մարդասիրական իրավունքի հարգումն ու հումանիտար խնդիրների լուծումը, ինչը կնպաստի նաեւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորմանը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակին եւ հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր: