Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտնել է, որ հայաստանյան բանկերը մոտ 2 միլիարդ դրամի սահմանում ներել են Արցախի պատերազմում զոհված անձանց եւ նրանց հարազատների վարկային պարտավորությունները:
Ըստ «Արմենպրես»-ի՝ ԿԲ նախագահը նախ պարզաբանել է ընդունված օրինագծի էությունը. բանկերի կողմից ներվում կամ ինչ-որ կերպով ընդառաջվում է վարկերի հետ կապված մարումների հարցը, տվյալ դեպքում հարկային պարտավորությունները, որոնք առաջանում են բանկի մոտ, չեզոքացվում են:
«Այսինքն՝ բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են: Սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,-ասել է Գալստյանն ու հավելել, որ շահութահարկ առաջանալու դեպքում բանկն այն չի վճարի, բայց ներելու ամբողջ բեռը մնում է բանկի վրա:
Այդուհանդերձ, ԿԲ նախագահի վերջին տեղեկության համաձայն՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր են վերանայել կամ ներել:
ԿԲ նախագահի գնահատականով՝ գործընթացը շարունակական է:
«Մոտ 3 միլիարդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որեւէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր հայրենակիցների ընտանիքներին եւ նրանց ընտանիքներին»,-եզրափակել է Կենտրոնական բանկի նախագահը: