ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն եւ Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձեւ, որով կոչ է արվում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:
Բանաձեւին աջակցություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:
Բանաձեւում նշվում է, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ստորագրած եռակողմ հայտարարությամբ կողմերը պարտավորվում էին ազատ արձակել բոլոր գերիներին, եւ թեպետ Հայաստանն ամբողջությամբ կատարել է իր պարտականությունը, Ադրբեջանը կեղծում է ռազմագերիների կարգավիճակը՝ փորձելով արդարացնել նրանց գերի պահելու իր ցանկությունը:
Բանաձեւի եզրափակիչ հատվածում ասվում է.
«Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց: Հորդորում է ԱՄՆ պետքարտուղարությանը բոլոր մակարդակներում, այդ թվում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի շրջանակում, աշխատել Ադրբեջանի հետ՝ հասկացնելով, թե որքան կարեւոր է հավատարիմ մնալ սեփական պարտավորությունների կատարմանը՝ համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության եւ միջազգային իրավունքի՝ անհապաղ ազատ արձակելու բոլոր ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց»:
Կոնգրեսական Ադամ Շիֆն անընդունելի է համարել ղարաբաղյան վերջին պատերազմից ավելի քան 100 օր անց հարյուրավոր հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց՝ Ադրբեջանում պահվելը:
«Ադրբեջանը պարտավոր է անհապաղ ազատ արձակել գերիներին, որքան ուշացնի դա, այնքան ավելի շատ ցույց կտա իր անարգանքը միջազգային օրենքների եւ մարդու իրավունքների նկատմամբ: Ադրբեջանն արդեն իսկ մեղավոր է վերջին պատերազմում գործած սարսափելի վայրագությունների համար, եւ սա ավելի է խորացնում խնդիրը»,- ասել է Շիֆը՝ նշելով, որ ԱՄՆ-ը բոլոր դիվանագիտական խողովակներով պետք է ապահովի հայ գերիների վերադարձը:
Կոնգրեսական Գաս Բիլիրակիսի գնահատմամբ՝ պատերազմից ամիսներ անց հայ ռազմագերիներին պատանդ պահելու՝ Ադրբեջանի քայլը Ժնեւի կոնվենցիայի եւ միջազգային օրենքի հստակ խախտում է: