Գումարները նպատակային են օգտագործվել. Համահայկական հիմնադրամն է վստահեցնում
44-օրյա պատերազմի ընթացքում հավաքագրված գումարները նպատակային են օգտագործվել՝ վստահեցնում է Հայաստան համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը: Հեռավար նիստում որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը հավաքագրված եւ օգտագործված գումարների ուսումնասիրության նպատակով կաշխատի միջազգային աուդիտորական ընկերության եւ ներգրավված այլ կողմերի հետ: Խորհուրդը հետամուտ կլինի, որպեսզի փարատվեն գումարների օգտագործման հետ կապված բոլոր կասկածները, կապահովվի հանրության վստահությունը:
Հիշեցնենք, որ պատերազմի օրերին հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ շուրջ 52 մլրդ դրամ որպես նվիրատվություն փոխանցվել է Կառավարությանը:
Նիստին մասնակցել է ՀՀ նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատկանշական է , որ նման մասնակցությամբ քննարկում ըստ էության տեղի է ունենում առաջին անգամ:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին առաջին անգամ անձամբ մասնակցելուց հետո Ռոբերտ Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե` «որևէ աուդիտ հստակություն չի մտցնի, այլ միայն կամրապնդի առկա կասկածները»: Նա առաջարկել է 52 մլրդ դրամը ձևակերպել որպես կառավարության պարտք հիմնադրամին՝ 3-5 տարվա ընթացքում վերադարձնելու նպատակով: