Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է Հայաստան վերադարձվեն:
«Ռազմագերիների հարցի վերաբերյալ իմ մոտեցումը հստակ է եւ պարզ՝ նրանք պետք է վերադարձվեն: Գործընթացը պետք է իրականացվի ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա, այլեւ հիմնվելով միջազգային կոնվենցիաներով հաստատված մարդու իրավունքների պաշտպանության վրա»,- նշել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը:
Դեսպանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ մարմինը, որտեղ հնարավոր է քննարկում, բանակցություններ իրականացնել՝ հարցին որեւէ դիվանագիտական լուծում տալու առումով:
Լաքոտն շեշտել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցություններ ապահովող կառույց է, որը պատրաստ է միջնորդել եւ օգնել երկու կողմին էլ: Նա ընդգծել է, որ Մինսկի խմբի՝ միջնորդության միակ մարմին լինելու մասին նշել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահ՝ Շվեդիայի ԱԳ նախարարը՝ Հայաստան կատարած իր այցի շրջանակում:
«Մինսկի խմբի համանախագահներն այժմ բանակցությունների մեջ են, որպեսզի աշխատանքային այց իրականացնեն տարածաշրջան»,- հավելել է Ժոնաթան Լաքոտը: