«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին 2016-2017թ. մշակվել է պատմական Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի, Սբ. Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական երկու պալատների, միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը:
Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կառավարման կոմիտեն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության անդամակցությամբ դրական որոշում է կայացրել հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
2019 թվականից Դվին մայրաքաղաքի պեղումների արշավախումբը գլխավորում է պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը: Պատմական Դվին մայրաքաղաքը 4-րդ դ. կեսերին հիմնադրել է հայոց արքա Խոսրով Կոտակը: Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի վարչական տարածքում: Մայրաքաղաքը 13-րդ դարում վերջնականապես անկում է ապրել արաբական, ապա մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով: