Ըստ Sputnik Արմենիայի՝ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գազի մատակարարման մասին հաղորդագրությունները հարուցել են Վրաստանի գազատրանսպորտային ընկերության տարակուսանքը:
«Վրաստանի գազատրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի (GGTC) մամուլի ծառայության ներկայացուցիչ Լևան Տորոնջաձեն նշել է, որ չեն տիրապետում դեպի Հայաստան ռուսական գազի մատակարարման ուղու ժամանակավոր փոփոխության մասին տեղեկատվությանը:
«Մենք դեռեւս նման տեղեկություն չենք ստացել։ Մեր մասով փոփոխություններ չկան։ Այս պահին գազի փոխանցումը բոլոր ուղղություններով, նաեւ՝ դեպի Հայաստան, իրականացվում է սովորական ռեժիմով»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։
Sputnik Ադրբեջանը հայտնել է, որ Ադրբեջանի Հանրապետության պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, թույլ է տվել դեպի Վրաստան Ադրբեջանի տարածքով ռուսական գազի ժամանակավոր տարանցում իրականացնել վճարովի հիմունքներով: Համապատասխան տեղեկատվությունը գործակալության հետ զրույցում հաստատել է ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը:
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարում իրականացվող վերանորոգման աշխատանքների հետ կապված` ռուսական կողմը դիմել է Ադրբեջանին` դեպի Վրաստան գազի ժամանակավոր տարանցում իրականացնելու խնդրանքով»,- ասաց նա:
«Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն եւ SOCAR-ը մարտի 16-ին Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման կարճաժամկետ պայմանագիր են ստորագրել՝ ըստ որի «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարի ռուսական հատվածում պլանային վերանորոգման աշխատանքների ժամանակ գազը մինչև Վրաստանի հետ սահմանը սպառողին կհասնի Ադրբեջանի տարածքով: Մոտ երեք շաբաթ անց գազը կտեղափոխվի նախկին երթուղով։