ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆը բանաձեւ է ներկայացրել, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց։
ԲԱՆԱՁԵՎ
Կոչ Ադրբեջանին անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց`
Նկատի առնելով, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, որը վայելում էր Թուրքիայի եւ արտաքին զինվորական ուժերի աջակցությունը, ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի վրա, որը հայտնի է նաեւ Արցախ անունով, ինչի հետեւանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, տասհազարավոր բնիկ հայեր էլ տեղահանվեցին։
Նկատի առնելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանը, Հայաստանը եւ Ռուսաստանը հակամարտությունը դադարեցնող եռակողմ համաձայնագիր են ստորագրել։
Նկատի առնելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ստորագրելով, բոլոր կողմերը համաձայնել են «իրականացնել ռազմագերիների, պատանդների, այլ ձերբակալվածների, ինչպես նաեւ դիերի փոխանակում»։
Նկատի առնելով, որ Ժնեւի երրորդ կոնվենցիան, որը ստորագրել է նաեւ Ադրբեջանը, եւ միջազգային սովորութային իրավունքը պահանջում են ռազմական գործողությունների դադարեցումից հետո ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց ազատ արձակում եւ ձերբակալվածների հանդեպ մարդկային վերաբերմունք։
Նկատի առնելով, որ չնայած Ժնեւի կոնվենցիայով եւ նոյեմբերի 9-ի համաձայնագրով Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, հակամարտության ավարտից ավելի քան 100 օր անց Ադրբեջանի կառավարությունը շարունակում է կալանքի տակ պահել մոտավորապես 200 հայ ռազմագերու, պատանդների եւ ձերբակալված անձանց՝ սխալ ներկայացնելով նրանց կարգավիճակը, որպեսզի արդարացնի նրանց՝ մինչեւ այժմ գերության մեջ լինելը։
Նկատի առնելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանություն»-ը 2020 թվականի դեկտեմբերին զեկուցել է, որ Ադրբեջանի ռազմական ուժերը վատ են վարվել հայ ռազմագերիների հետ եւ նրանց ենթարկել են «ֆիզիկական բռնության ու ստորացման»։
Նկատի առնելով, որ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների հետազոտության ինստիտուտը հակամարտության մասին մի զեկույց է ներկայացրել, որը «փաստագրում է Ադրբեջանի զինված ուժերի եւ Թուրքիայի հովանավորած իսլամիստ մարտիկների կողմից հայերի դեմ իրականացված մարդկության դեմ հանցագործություններ ու այլ դաժանություններ»՝ ներառյալ գլխատումներ, չհիմնավորված մահապատիժներ եւ դիերի սրբապղծում:
Նկատի առնելով, որ քիչ հավաստի տեղեկություն կա ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց իրավիճակի եւ նրանց հանդեպ վերաբերմունքի մասին։ Մեծ մտավախություն կա, որ հատկապես կին ձերբակալվածները կարող են ենթարկվել սեռական բռնության ու այլ դաժան վերաբերմունքի։
Նկատի առնելով, որ Ադրբեջանի կողմից մինչեւ այժմ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց կալանքի տակ պահելը խստորեն կասկածի տակ է դնում Ադրբեջանի դիրքորոշումը մարդու իրավունքների եւ անկողմնակալ, երկարատեւ խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների հանդեպ։
Նկատի առնելով, որ Հայաստանը կատարել է նոյեմբերի 9-ի համաձայնագրով եւ միջազգային օրենով իր ստանձնած պարտավորություններն ու վերադարձրել է Ադրբեջանի ռազմագերիներին։
Նկատի առնելով, որ Միացյալ Նահանգները Ֆրանսիայի ու Ռուսաստանի հետ համանախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի ստեղծման նպատակը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության համար երկարատեւ ու խաղաղ լուծում գտնելն էր։ Հետեւաբար, այժմ այն պետք է վճռականորեն հետեւի, որ Ներկայացուցիչների պալատը
- Կոչ անի Ադրբեջանին՝ անհապաղ վերադարձնելու բոլոր հայ ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց
- Հորդորի ԱՄՆ պետքարտուղարին բոլոր մակարդակներում համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության ընթացքում, որպեսզի հստակեցնի նոյեմբերի 9-ի համաձայնագրով եւ միջազգային օրենով իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու կարեւորությունը եւ ազատ արձակի բոլոր ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց։
Պատրաստեց Անուշ Իգնատյանը