2021 թվականի մարտի 24-ին` ժամը 12:00-ին, Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Կենտրոն վարչական շրջանի 33-րդ թաղամասում՝ 2-րդ, 4-րդ եւ 5-րդ լոտերի տարածքում նախատեսվող բազմաբնակարան բնակելի համալիրի Շրջակա միջավայրի վրա ազդեցության (ՇՄԱԳ) նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը:
Երեւանի սրտում նոր բազմաբնակարան համալիրի կառուցումը նախաձեռնել է «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ-ն:
Կառուցապատումը նախատեսվում է 3207 քմ մակերեսով հողամասի 2586 քմ տարածքում: Կկառուցվեն 9 եւ 12 հարկանի շինություններ՝ համապատասխանաբար 30 եւ 45 մ բարձրությամբ: Նախատեսվում է երեք ստորգետնյա ավտոկայանատեղ:
Ըստ ՇՄԱԳ փաստաթղթի՝ 2-րդ լոտում է գտնվում ՀՀ հուշարձանների ցանկում ներառված, 1800-ականներին կառուցված շենք (Հանրապետության փ. 46), որը Г-աձեւ հատակագծով երկհարկանի կառույց է:
Հանրապետության փողոցին նայող կողմը կառուցված է կանոնավոր, սեւ տուֆե միդիս շարվածքով: Մյուս ճակատները շարված են փոքրաչափ, անմշակ տուֆով:
Նախաձեռնողը հավաստիացնում է, որ ըստ իրենց պատվերով իրականացված ուսումնասիրության՝ հուշարձանի տեխնիկական վիճակը խիստ անբավարար եւ վթարավտանգ է, վնասվածությունը՝ 4-րդ աստիճանի:
Հուշարձանի տեղում կառուցվելու է բազմաֆունկցիոնալ շենքի 9 հարկանի հատվածը: Ըստ ՇՄԱԳ փաստաթղթի՝ նոր կառույցը հուշարձանի ճակատից որոշ չափով հետ կտեղադրվի:
Համալիրի ՇՄԱԳ նախնական հայտին կարելի է ծանոթանալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։