Ըստ Bianet թուրքական գործակալության՝ Թուրքիայի կառավարության բնակարանաշինության զարգացման վարչությունը (TOKİ) շինարարություն է սկսել Ուլուս թաղամասի պատմական հայկական գերեզմանատան վրա:
Շինարարության մասին առաջինն ահազանգել է Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը: Մասնաճյուղի նախագահի եւ այլ անձանց հետ դեպքի վայր ժամանած հայ պատգամավոր Գարո Փայլանը ցանկացել է տեղում ծանոթանալ իրավիճակին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել տարածք:
Փայլանը հարցում է արել Շրջակա միջավայրի եւ քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումին՝ նշելով, որ հակառակ այն հանգամանքի, որ շինարարության ժամանակ տարածքում մարդկային ոսկորներ են հայտնաբերվել, շինարարական աշխատանքները չեն կասեցվել:
Պատգամավորն հարցրել է՝ արդյոք TOKİ-ն տեղյակ է, որ ոչնչացնում է Անկարայի մշակութային հարստությունն ու քաղաքային հիշողությունը:
Նախարար Մուրադ Քուրումը դեռեւս չի արձագանքել Փայլանի հարցմանը:
Փայլանը հարցը բարձրացրել է մեջլիսում՝ պահանջելով րոպե առաջ կանգնեցնել այս անօրինական շինարարությունը:
«Խորհրդարանն ու քաղաքացիական հասարակությունը եւ առաջին հերթին Անկարայի բնակչությունը պետք է կասեցնի հայկական գերեզմանի վրա բետոն լցնելը: Անկարայի ժողովուրդը արժանի չէ նման անարգանքի»,- հայտարարել է Փայլանը:
Թուրքիայի ճարտարապետների պալատի Անկարայի մասնաճյուղը շինարարության շարունակումը որակել է որպես բարբարոսություն ու մարդու իրավունքների ոտնահարում, մեծ անարգանք անատոլիական հողերում բազմամշակութայնության նկատմամբ: