Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել ԱՄՆ-ին՝ անհետաձգելի օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետեւանքով լքել իրենց տները: Խորհուրդը հիշեցրել է, որ այդ պատերազմի հետեւանքով ավելի քանի 50 հազար հայ ընտանիք է տեղահանվել, եւ որ ԱՄՆ-ը պետք է անմիջապես զբաղվի նրանց սննդի, կեցության եւ անվտանգության հարցերով:
Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը տարածած հաղորդագրության մեջ անդրադարձել է նաեւ Ադրբեջանում պահվող հայ գերիներին՝ Միացյալ Նահանգներին կոչ անելով ակտիվորեն բանակցություններ վարել՝ վերադարձնելու հայ զինվորներին ու քաղաքացիական անձանց, ովքեր 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի պայմանագրի խախտմամբ շարունակում են անազատության մեջ պահվել, չնայած պայմանագրում բոլոր գերիներին ազատելու կետ կար: Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը հատկապես նախագահ Բայդենին եւ պետքարտուղարին է դիմել՝ զբաղվել գերիների ազատ արձակմամբ, նշելով, որ նրանց թիվը շուրջ 200-ն է, ընդ որում, նրանցից շատերը գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո:
«Մենք նաեւ կոչ ենք անում ԱՄՆ ողջ տարածքում գտնվող քաղաքական ու կրոնական առաջնորդներին՝ համընդհանուր կերպով ճանաչել 20-րդ դարասկզբին իրականացված Հայոց ցեղասպանությունը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Խորհուրդը դատապարտել է նաեւ եկեղեցիների եւ կրոնական այլ կոթողների ոչնչացման փաստերը՝ նշելով, որ Ադրբեջանը պարտավոր է պահպանել մշակութային ժառանգությունը: