ՀՀ վարչապետի գրասենյակն այսօր տարածած հայտարարության մեջ պարզաբանել է, որ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած ՀՀ նախագահի հրամանագրի հիման վրա, մարտի 10-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է Հայաստանի վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ:
Նշենք, որ այսօր Վարչական դատարանը բավարարել է Օնիկ Գասպարյանի պահանջը եւ ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով։ Գասպարյանը, հիշեցնենք, դատարանում վիճարկում էր իր պաշտոնանկությունը։ Գասպարյանը Փաշինյանի հրամանագիրը հակասահմանադրական է համարում։
Վարչապետի գրասենյակի տարածած պարզաբանման մեջ ընդգծված է, որ Օնիկ Գասպարյանի կողմից Վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել է 2021թ․-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ առ ոչինչ ճանաչել նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջովը։ Ապա Գասպարյանը ներկայացրել է փոխարինված հայց՝ ընդդեմ ՀՀ վարչապետի եւ նախագահի որոշումների:
«Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»,- ասված է կառավարության պարզաբանման մեջ: