ՀՀ Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման միջոցառումների ծրագիրը եւ ծրագրի իրականացման ժամանակացույցը» նախագծին։
Ըստ նախագծի՝ զինվորական ծառայության ժամանակ վիրավորված կամ հաշմանդամություն ստացած անձանց համար կստեղծվեն Անկախ կյանքի կենտրոններ, որտեղ կիրականացվեն ինքնուրույն կենցաղավարման ծրագրեր, անձնական օգնականի եւ մասնագիտական կողմնորոշման ծառայություններ։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշել է, որ առաջին փուլում անկախ կյանքի կենտրոններ կստեղծվեն Հայաստանի՝ հաշմանդամություն ունեցող անձանց ավելի մեծ թիվ ունեցող 6 մարզերում։
Նախարարը հայտնել է, որ Եվրոպայի եւ ԱՄՆ միջազգային պրոթեզարանների հետ պայմանավորվածություն ունեն, եւ առաջիկայում փուլ առ փուլ կիրականացվի պատերազմի հետեւանքով անդամահատվածների պրոթեզավորումը։
2021-ի հունվարի 1-ի դրությամբ 9022 հաշմանդամություն ունեցող զինվորական կա, որից 472-ը՝ վերջին պատերազմի հետեւանքով։ Նրանց 79%-ը աշխատանքային տարիքի է:
Վերջին պատերազմի հետեւանքով հաշմանդամ դարձած 70 մարդ 1-ին, 147-ը՝ 2-րդ, 255-ը՝ 3-րդ խմբի հաշմանդամության կարգ է ստացել։