Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ Նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապետության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը հայտնել է, որ Ղրիմի պաշտոնական պատվիրակությունը Հայաստան կայցելի։
«Այցը նախատեսված է ապրիլի առաջին կեսին, պայմանով, որ Հայաստանում ընդունելի ու կայուն քաղաքական իրավիճակ պահպանվի»,- շեշտել է Մուրադովը՝ հավելելով, որ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հետ թերակղզու վերամիավորման 7-րդ տարեդարձին նվիրված՝ Ղրիմի Հանրապետության օրեր:
«Խոսքը տնտեսական, գործարար, զբոսաշրջային ու մշակութային ներուժի ներկայացման մասին է»,- ընդգծել է Մուրադովը:
Ղրիմը ռուսական տարածաշրջան է դարձել 2014-ի մարտին՝ հանրաքվեից հետո։ Ուկրաինան Ղրիմը համարում է իր՝ ժամանակավորապես բռնազավթված տարածքը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»: