Հայաստանը ցանկանում է վերջնաժամկետից հետո եւս 5-10 տարով երկարացնել հայկական ատոմակայանի գործունեության ժամկետը։
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, Հայաստանում ատոմային էներգետիկայի 55-ամյակին նվիրված համաժողովի շրջանակում, «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ լրագրողներին հայտնել է, որ մտադիր են հայտ ներկայացնել վերահսկիչ մարմին («Հայպետհիդրոմետ»)`կայանի ծառայության ժամկետը երկարաձգելու համար։
Մայիսի 15-ից կայանը կապիտալ վերանորոգման նպատակով 141 օր չի գործելու։ Այդ ընթացքում կանցկացվեն մի շարք պլանային միջոցառումներ, մասնավորապես վթարային սառեցման համակարգերի թարմացում (ռեակտորի գերտաքացման դեպքերի համար), կնորոգվեն հակահրդեհային, վթարային էներգամատակարարման համակարգերը: Կիրականացվեն նաեւ կայանի սառեցման աշտարակների վերանորոգում, անվտանգության բարձրացման միջոցառումներ:
Այս տարվանից, առաջիկա 1-2 տարվա ընթացքում, ռուս գործընկերների հետ կկատարվեն նաեւ ռեակտորի մետաղական իրանի թրծման աշխատանքներ. այրման նախագիծը կազմելու են «Ռոսատոմի» մեջ մտնող Կուրչատովի ինստիտուտի ֆիզիկոսները, աշխատանքն իրականացնելու են նույն «Ռոսատոմի» «Ատոմէներգոռեմոնտ» ձեռնարկության ինժեներները:
Վարդանյանի վստահեցմամբ՝ այս պահին էլ իրանի թրծման աշխատանքների նախապատրաստական բոլոր աշխատանքները կատարվել են, թրծումը կատարող ընկերության ղեկավարությունը Հայաստանում է, քննարկում են աշխատանքների կազմակերպման մասը: Ռեակտորի իրանի թրծումը կբարձրացնի դրա ամրությունը, հետեւաբար, կօգնի կայանին լրացուցիչ աշխատել եւս 10 տարի:
«2021-ին վերանորոգման աշխատանքից հետո մենք պետք է նոր լիցենզիա ստանանք ՀՀ կարգավորող մարմնից, առայժմ ըստ օրենքի՝ 10 տարով»,- նշել է Վարդանյանը:
Կովկասում առաջին ատոմակայանի՝ Հայկական ԱԷԿ-ի հիմքը դրվել է 1966-ին՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդի որոշմամբ: Հայկական ատոմակայանն այսօր արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի ավելի քան 30 տոկոսը։ Ներկայում գործող կայանի երկրորդ բլոկը գործարկվել է 1980-ին, մինչեւ 2026-ը այն 40 տարի աշխատած կլինի (չհաշված 1989-95 թվականների ընդհատումը):
2021-ի սկզբին ՀՀ կառավարությունը հաստատել էր մինչեւ 2040-ը էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիրը: Փաստաթղթում նշվում է, որ Հայաստանի ատոմային ոլորտի զարգացման հիմնական առաջնահերթություններից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգումն է 2026-ից հետո: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ հայտարարել է, որ զարգացման ռազմավարության հիմնական նպատակը նոր ատոմակայանի կառուցումն է: