Հայաստանում մինչեւ այժմ գրանցվել է կորոնավիրուսի մոտ 300 կրկնակի դեպք, այսօր հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, բայցեւ նշելով, որ այս պահի դրությամբ հնարավոր չէ ասել` դրանք կրկնավարակի՞ դեպքեր են, թե՞ դեպքեր, երբ վարակակրի օրգանիզմից վարակը դեռ դուրս չի եկել: «Դա պարզելու համար այդ դեպքերն ուսումնասիրվում եւ հետազոտվում են, արդյունքների մասին հայտնի կլինի ավելի ուշ»,-թեմայի մասին ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ըստ որոշ մասնագետների, առաջին դրական թեստից հետո 90 օր պետք է անցած լինի, որ հնարավոր լինի խոսել կրկնավարակի մասին:
Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի ավելացման առիթով առողջապահության նախարարն ասել է, որ երկրում նոր հիվանդանոցներ ու մահճակալներ են ծավալվում: Այս պահի դրությամբ, 12 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսային վարակով պացիենտներին, հիվանդացության աճին զուգընթաց ավելացվում է նաեւ հասանելի մահճակալային ֆոնդը: «Մահճակալային ֆոնդը «անվերջ ռեսուրս» չէ, եւ մարդիկ պետք է շատ զգույշ լինեն՝ չվարակվելու համար»,- խորհուրդ է տվել նախարարը: