ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը շարունակելու է ընդլայնել իր ներկայությունը Սեւծովյան տարածաշրջանում, ի հակադրություն Ռուսաստանի կողմից իրեն բռնակցված Ղրիմում ռազմական հզորության զարգացման: Դաշինքի գլխավոր քարտուղարն այս մասին հայտարարել է Բրյուսելում, Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, ասուլիսի ժամանակ, խոսել է նաեւ Վրաստանի հետ համագործակցության մասին: Դաշինքի գլխավոր քարտուղարը շեշտել է, որ ՆԱՏՕ-ն հանդես է գալիս Վրաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության օգտին եւ շարունակելու է Ռուսաստանին կոչ անել՝ հրաժարվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից եւ զորքերը դուրս բերել այդ շրջաններից:
Յենս Ստոլտենբերգը պատասխանել է նաեւ վրացի լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կարագացվի Վրաստանի ինտեգրումը ՆԱՏՕ-ին, Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո հետո կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի ֆոնին, ասելով, որ եւրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանը պետք է կենտրոնանա ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու վրա, եւ ՆԱՏՕ-ի երկրները կաջակցեն դրան, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ: