Ըստ Արմենպրեսի՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի առաջիկա զորավարժություններին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունից պարզաբանել են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցում են ՆԱՏՕ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից կազմակերպվող միայն այն զորավարժություններին, որոնք միջազգային խաղաղության եւ կայունության պահպանման բնույթի են եւ որոնց ընթացքում հնարավոր է պատրաստել խաղաղապահ ուժերին կամ միջազգային առաքելությունների համար պատրաստվող մասնագիտացված ստորաբաժանումները` ինժեներական եւ դաշտային հոսպիտալ:
«Միջազգային զորավարժությունների կազմակերպումը եւ դրան մասնակցությունը երկարատեւ մի քանի փուլից բաղկացած պլանավորման գործընթաց է նախատեսում, եւ դրան մասնակցել կամ չմասնակցելը մեկ օրում հնարավոր չէ որոշել, քանի որ տարբեր երկրների ստորաբաժանումների մասնակցության հետ կապված կառուցվածքային, գործառութային, թիկունքային ապահովման, տրանսպորտային եւ այլ հարցերը խիստ փոխկապակցված են:
ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչները չեն մասնակցել Defender Europe 21 զորավարժության պլանավորման գործընթացին եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի նախատեսում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների մասնակցությունը զորավարժությանը: Զորավարժության կազմակերպիչ կողմին խնդրել ենք վերանայել իրենց կայքում տեղադրված զորավարժության մասնակիցների ցանկը»,- ընդգծել է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչությունը:
Ավելի վաղ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանը ՆԱՏՕ-ի Defender Europe 2021 զորավարժություններին Հայաստանի մասնակցության թեմայով բոլոր հաղորդագրություններն ու լուրերը ապատեղեկատվություն է որակել: